Հայաստանի կառավարության առաջնահերթություններն են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը և տնտեսական բարեկեցությունը՝ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք ենք Հայաստանի զարգացման գերակայությունները։
Վարշավայում Հայաստանի վարչապետը խոսել է տարածաշրջանի և Հայաստանի համար առանցքային մի շարք հարցերի մասին, անդրադարձել մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում էր երկօրյա պաշտոնական այցով։ Նա Լեհաստանում հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։ Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանի մասնակցություն, տարբեր մակարդակներով, Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին չի նախատեսվում»։ Հիմնավորումն այն է, որ Ադրբեջանի նախագահի մայիս ամսվա հագեցած աշխատանքային գրաֆիկում և օրացուցային պլանում նման այց նախատեսված չէ։
Հայաստանը մինչդեռ համապատասխան հրավերներ Թուրքիային և Ադրբեջանին փոխանցել էր հենց սկզբնական փուլում նախ բանավոր, ապա՝ գրավոր՝ 2025 թվականի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հաստատել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հարցի հոգեբանական կողմի մասին խոսելիս նախարարը փորձել էր լավատես լինել։

«Դժվար հարց եք բարձրացնում, բայց մենք խաղաղություն ունենք, և նպատակն էլ ֆիքսված է` բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Հիմա պե՞տք է քայլեր անենք այդ ուղղությամբ, թե՞ չէ։ Ժամանակ է ընթանալու և չգիտեմ մի ամիս, մի տարի, 10 տարի, չգիտենք՝ բոլոր հարցերը ինչ տեմպով կհաղթահարվեն, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ես փորձում եմ սա ասել․ ոչ թե ասում եմ, որ հենց այսօր մենք պատրաստ ենք տեսնել նախագահ Ալիևին Երևանում և հակառակը` վարչապետ Փաշինյանին Բաքվում, այլ ասում եմ` մի օր այս իրավիճակը լինելու է։ Ի՞նչ կարող ենք այսօր ասել այն է, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով»։
Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի ակնկալիքներից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Լեհաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում՝ օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։ Այդ քննարկման ժամանակ Ադրբեջանի որոշումը դեռ հայտնի չէր։ Վարչապետի Փաշինյանի խոսքն այս դեպքում առավելապես ԵՄ երկրների հետ հարաբերությունների մասին է։

«Ինչ խոսք, մենք անհամբերությամբ սպասում ենք։ Դա մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել այդ շատ կարևոր գագաթնաժողովը, և շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին նման հնարավորություն Հայաստանին ընձեռելու համար։ Դա հարաբերությունների նոր փուլը կվկայակոչի Հայաստանի և եվրոպական քաղաքական համայնքի միջև։ Ինչ խոսք, դրանով նաև կճանաչվեն այն ձեռքբերումները, որոնք Հայաստանն ունեցել է որպես ժողովրդավար պետություն»։
Հայաստանը ցանկություն ունի դառնալու ԵՄ անդամ, հաստատել է վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով այն աշխատանքը, որն անում է Հայաստանը տարբեր ոլորտներում եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար։ Սակայն եթե այդ որոշումը ԵՄ-ն չկայացնի, ապա այդ դեպքում էլ Հայաստանը պարտվելու շանս չունի՝ ասում է վարչապետը և հիմնավորում՝ Հայաստանի համար կարևոր է լինել ուժեղ, ժողովրդավար պետություն։
Եվրոպական «խաղի կանոններով» առաջնորդվելը, իրականում, որոշ դեպքում ենթադրում է նաև նոր կանոնների սահմանում։ Խոսքն օրինակ փետրվարի 23-ին Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հավաքի ժամանակ քննարկված Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության համաձայնագրի կետերի մասին է, որոնք վերաբերում են Ռուսաստանին առաջադրվող պահանջներին։ Դրանց ընդունման դեպքում միայն ԵՄ-ն կհամաձայնի, որ Ուկրաինան խաղաղության պայմանագիր կնքի Ռուսաստանի հետ: Պահանջների ցանկում է հայտնվել է նաև Հայաստանի անունը։ ԵՄ-ի կողմից Ռուսաստանին ներկայացվող պահանջներով ենթադրվում է, որ Ռուսաստանն իր զորքերը պետք է դուրս բերի ոչ միայն Ուկրաինայի գրաված տարածքներից, այլև՝ Մոլդովայից, Վրաստանից, Բելառուսից և Հայաստանից։ Եթե առաջին երկու պետության դեպքում կան վիճարկելի տարածքներ, ապա վերջին երկուսի դեպքում ենթադրվում է, որ եվրոպական կառույցը փորձում է Ռուսաստանին դուրս մղել «ազդեցության գոտիներից»։
Այս հարցով Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարություններին ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, Հայաստանի հատուկ հանձնարարություններո նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն առաջարկում է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային հարցեր ուղղել, թե ինչու նույնիսկ հարմար առիթների դեպքում չի հիշատակում փաստը, որ Ադրբեջանն արդեն մի քանի տարի է օկուպացված է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Հատկապես, որ այս հարցը ծագել է ոչ վաղ անցյալում՝ ի տարբերություն Վրաստանի և Մոլդովայի խնդիրների։
Ռուսական ռազմաբազայի ներկայությունից հրաժարվելու մասին հարցը հնչեց նաև Լեհաստանում, Հայաստանի վարչապետի հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ ներկայումս Հայաստանի սահմանները և անցակետերը վերահսկվում են Հայաստանի սահմանապահների կողմից։ Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի ներկայությանը, ապա ըստ վարչապետի՝
«Մենք որևէ պլան, ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ։ Ուստի մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ և շատ սերտ տնտեսական, քաղաքական կապեր ունենք։ Թեպետ, մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը հիասթափված էր ՀԱՊԿ-ից, քանի որ ունենալով իրավական պարտավորություն՝ ՀԱՊԿ-ը հավուր պատշաճի չարձագանքեց անվտանգության մարտահրավերներին, որոնք կային Հայաստանի համար։ Մյուս կողմից, սակայն, մենք ասում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս վերափոխման փուլում են։ Մենք ներկայումս նոր հարաբերություններ ենք ստեղծում Ռուսաստանի հետ»։

Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա միջամտության հնարավոր փորձերի առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է․
«Իհարկե, բազմաթիվ ռիսկեր կան։ Ես գիտեմ, որ ասեկոսեներ կան, պնդումներ և այլն, որոշակի գործելակերպեր, կա ահռելի ապատեղեկատվություն, որին մենք հիմա բախվում ենք։ Բայց մյուս կողմից, ինչպե՞ս վարվել։ Ինձ համար մնում է մի բան` անմիջական երկխոսության մեջ լինել մեր ժողովրդի, մեր հասարակության հետ, հնարավորինս թափանցիկ լինել, հնարավորինս ազնիվ, անկեղծ լինել, անմիջական խոսել։ Ցանկացած քաղաքական գործչի համար դա շատ կարևոր է։ Երևի ամենակարևոր բանն է` հնարավորինս համոզիչ լինել, որ հաջողության հասնենք։ Իսկ ես համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք։ Իմ ակնկալիքն այն է, որ մոտակա ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը կհաստատի մեր նվիրվածությունը հաստատված խաղաղությանը և այս քաղաքականությանը»։
Տարածաշրջանային զարգացումների մասին խոսելիս Հայաստանի վարչապետը նշել է, որ Հայաստանն այժմ ԱՄՆ-ի հետ համաձայնեցնում է Թրամփի ուղու իրավական շրջանակը։ Տարածաշրջանի ապաշրջափակման հարցով, սակայն, Երևանը վարում է նաև այլ բանակցություններ։
«Նոր հնարավորություններ են ի հայտ գալիս մեր տարածաշրջանում և մեր երկրում, և այժմ մենք քննարկում ենք, թե ԵՄ-ն ինչպես կարող է ներգրավված լինել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, վերահաստատմանը։ Մենք հույս ունենք, որ ներդրումներ կգան Եվրոպական միությունից և անդամ պետություններից։ Մենք կենտրոնանում ենք նոր հնարավորություններ գտնելու ուղղությամբ Հայաստանի համար, որպեսզի խորացնենք մեր համագործակցությունը ԵՄ հետ և անդամ պետությունների հետ տարբեր ոլորտներում` տնտեսությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, մինչև պաշտպանություն և այլն»։
Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը նաև Թուրքիայի հետ հարաբերություններում իրական փոփոխություններ տեսնելու հույս է հայտնել։ Նա ընգծել է, որ տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, լարվածություն չկա, իսկ Թուրքիայի հետ երկխոսությունը ակտիվ ու դրական է գնահատել։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ իրավիճակը հասունացել է, որ գործնական քայլի վերածվի։