«Վեոլիա Ջուր» ընկերությունը Ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել ջրային գրաֆիկի փոփոխությունը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։
«Ջրանջատումներ կլինեն: Հարցը ջրանջատումների տևողությունն է»,- նշել է նա՝ վստահեցնելով, որ ջրամատակարարման ժամանակացույցը կարելի է լավարկել։
«Վեոլիան» ունեցել է պարտավորություն՝ համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցն, ինչն էլ արել է: Մեր խնդիրն է, որ կարելի է այդ ժամանակացույցը լավարկել՝ ջրանջատումների կարճ հատվածներ լինեն, այսինքն, ժամերի ու ռեժիմների փոփոխություններ լինեն տարբեր բնակավայրերում: Կառավարությունն իր կողմից երեկ ևս վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու, որ լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան», — ասել է Ղալամքարյանը:
«Դեպի Երևան մղվող ջրի խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով, դրա համար խմելու ջուրը չի բավարարում»,- ասել է նա:
Ըստ Ղալամքարյանի՝ ներդրումային ծրագրեր են իրականացնելու, նոր ջրաղբյուրներ են բերելու և կարգավորումներում են փոփոխություններ անելու, որոնք ռեժիմի փոփոխության են բերելու։ «Երկու շաբաթ ժամանակ տվեք կաշխատենք և արդյունքների մասին կիմանաք», ասել է նա: