26 փետրվարի 2026 – 15:10 AMT
PanARMENIAN.Net – «Մարտի 1»-ի գործի շրջանակում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է Radar Armenia-ն:
Թամամյանը ձերբակալվել էր փետրվարի 25-ին՝ նրան մեղադրանք է առաջադրվել:
ՔԿ-ն հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն, առանց հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան հանձնարարել է ոստիկանության ծառայողներին ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և նրան տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18․04․2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։