Պարգևատրման եղանակներին կավելացվի նաև մեդալով կամ կրծքանշանով պարգևատրումը

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»  օրենքում, որոնք երկուսն են: Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է պարգեւատրել շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ: Նախագծով առաջարկվում է, որպեսզի   պարգեւատրման այս եղանակներին ավելացվի նաեւ մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրումը: Նման մոտեցում կիրառվում է Քննչական կոմիտեում, եւ այս առաջարկն արվել է Քննչական կոմիտեի կողմից: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվող երկրորդ փոփոխությունը վերաբերում է զենքին եւ հատուկ միջոցներին:  Այս համատեքստում առաջարկվում է օրենքի 45.3-րդ հոդվածը լրացնել  8-րդ մասով. «Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը»:

Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանը  գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Leave a Comment