2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ «փորձարկվելու» են Ընտրական օրենսգրքում 2021-ի գարնանն արված փոփոխությունները։ Դրանց մի մասը հունիսյան ընտրություններից առաջ սահմանում է խաղի նոր կանոններ ընտրապայքարին նախապատրաստվող քաղաքական ուժերի համար:
Այդ կանոնների պահպանումը կարևոր է փետրվարի 6-ից ի վեր, երբ ՀՀ նախագահը ստորագրեց խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու որոշումը։ Այդ օրվանից ԸՕ դրույթների խախտումը քաղաքական ուժերի համար կարող է հետևանքներ ունենալ՝ ընդհուպ թույլ տված խախտումների համար ընտրություններին մասնակցությունը չգրանցելը։
Ընտրական օրենսգրքի նոր կարգավորումների 30 %-ից ավելին առաջին անգամ «փորձարկվելու» է 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Լայնածավալ փոփոխությունները, սակայն, չեն չեզոքացրել բոլոր ռիսկերը՝ ասում է քաղաքագետ Տաթևիկ Ղազարյանը։ Նրա առանձնացրած խնդիրների խումբը քաղաքական ուժերի ֆինանսական թափանցիկության մասին է։
Մի կողմից՝ դեռ կուսակցություններ չդարձած նախաձեռնությունները, որոնք հայտարարել են ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, մյուս կողմից՝ կուսակցությունների նախընտրական հիմնադրամների մասին հայտարարագրերը, որոնք ընտրություններից հետո են ներկայացվելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պահպանում են «մութ և անհայտ» փողի շրջանառության հնարավորությունը Հայաստանի ընտրական շրջանում։
Այս ամենը բացահայտելը գրեթե անհնար է՝ ասում է քաղաքագետը․ «Որովհետև որ փուլից կուսակցությունն արդեն գրանցվի, բացառապես այդ պահից սկսած են և հայտարարագիր ներկայացնելու, նաև թեկնածուներն են առանձին հայտարարագիր ներկայացնում։ Այդ փուլից սկսած ենք մենք ծախսերը կարողանալու տեսնել։ Այն, որ, օրինակ, կարող է օտարերկրյա միջամտություն լինել, հենց այս փուլում է ամենաակներևը երևում։ Մինչև գրանցումը փաստացի կարող է և փողերի լվացում տեղի ունենալ, երրորդ անձանց ներգրավում տեղի ունենալ, միջամտությունները այս փուլում են իրականացվում, որը մենք ուղղակի չունենք որևէ գործիք, որ կարող ենք դա տեսնել, չափել կամ հետագայում ինչ-որ ընթացք տալ։
Լավ գրանցվեցին կուսակցությունները, բայց ուզում ենք տեսնել` ովքե՞ր են նախընտրական հիմնադրամին վճարումներ կատարել։ 2026 թվականի կուսակցությունների հայտարարագրերը, ֆինանսները մենք տեսնելու ենք 2027 թվականի փետրվարի 20-ով հրապարակած հայտարարագրով։ Փաստացի, եթե քաղաքական ֆինանսավորումը կարող է ազդեցություն ունենալ էլեկտորատի վարքագծի վրա այն փուլում, որ կարևոր է քարոզարշավի ընթացքում հրապարակվի, դա չի լինելու»։
2026-ի ընտրություններում ԸՕ առնվազն ութ առանցքային փոփոխություն փոխելու է ընտրական խաղի կանոնները։
Փոխվել է անցողիկ շեմը
Եթե նախկին կարգավորումներով՝ կուսակցությունը պետք է առնվազն 5 % ձայն ստանար խորհրդարան անցնելու համար, ապա այժմ անցողիկ շեմը նվազել է՝ դառնալով 4 %։ Դաշինքների համար պայմանները խստացվել են, և գործում է երեք սանդղակ․ երկու կուսակցությունների դաշինքը խորհրդարան անցնելու համար պետք է ստանա ընտրողների ձայների 8 %-ը, երեք կուսակցությունների դաշինքը՝ 9 %-ը, չորս և ավելի կուսակցություններից կազմված դաշինքը՝ 10 %-ը։
Հանվել է կոալիցիա կազմելու սահմանափակումը․
Եթե մինչև հիմա կոալիցիա կարող էին կազմել խորհրդարան անցած առավելագույնը երեք ուժեր, ապա այժմ նման սահմանափակում չկա։ Ըստ նոր կարգի՝ կոալիցիա կազմելու հնարավորություն առաջինը տրվում է ամենաշատ քվե ստացած ուժին։ Եթե 9 օրվա ընթացքում չի ձևավորվում կոալիցիա, ապա հաջորդ 5 օրերին այդ հնարավորությունը տրվում է ավելի քիչ ձայներ ստացած կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքին, եթե նրանք համաձայնության հասնեն վարչապետի թեկնածուի շուրջ։
Փոխվել է ընտրագրավի չափը
Դաշինքների համար ավելացել է նաև ընտրագրավների չափը՝ 10 մլն դրամից դառնալով 15 մլն դրամ։ Կուսակցությունների համար այն նվազել է՝ 10 մլն դրամից դառնալով 7,5 մլն։ Նախկին կարգավորումներով երկու դեպքում էլ գումարը 10 մլն էր։
Փոխվել է ընտրական ցուցակների ձևավորման կարգը
2021-ին ընդունված և ուժի մեջ մտած փոփոխություններով կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների առաջին 30 տեղերում ընդգրկված թեկնածումներին պետք է հաստատի համագումարը։
Փոխվել է հաշվառման վայրի փոփոխության կարգը
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են դիմել միգրացիայի և քաղաքացիության վարչություն և ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը։
Սահմանվել է բարեգործության արգելք
Մինչև ընտրության արդյունքների ամփոփումն այն կազմակերպությունները կամ անձինք, որ ինչ-որ առնչություն են ունեցել քաղաքական ուժի հետ, չեն կարող բարեգործություն անել։
Նոր կարգավորումների մի մասը ընդդիմադիր դաշտում ծուղակ են համարում, որը որպես մահակ կիրառվել այս կամ այն ուժի դեմ։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հորդորում է այս պահից զգոն լինել նոր ՝ հատկապես բարեգործության առնչվող կարգավորումների նկատմամբ, որոնք կիրականացվեն կուսակցությունների հետ ասոցացվող անվանում ունեցող կազմակերպությունների կողմից․
«Ասոցիացիա բառը բավականին լայն մեկնաբանությունների տեղիք է տալիս, և այն մարմինը, որը, ըստ էության, որոշում կկայացնի, հենց այդ մարմինն էլ կորոշի` ասոցացվո՞ւմ է այս կամ այն կուսակցության անունը այս կամ այն հիմնադրամի հետ, որը, ըստ էության, բարեգործություն է իրականացնում։ Եթե կլինի իրավիճակ, որտեղ, օրինակ, կհամարվի, որ կատարվել են այնպիսի խախտումներ այդ ժամանակահատվածում, դատարանը կարող է անգամ կուսակցության գրանցումը ճանաչել ուժը կորցրած։
Երկրորդ փոփոխությունը դա Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունն է, 221-րդ հոդվածը։ Կարող է ստացվել այնպես, որ ինչպես նշված է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սանկցիայում՝ 3-6 տարի ազատազրկման դատապարտվեն առաջին հայացքից բացարձակապես այս ամեն ինչի հետ կապ չունեցող անձինք, որոնք որևէ այլ եղանակով խոստացել են ծառայություն, ապրանք են խոստացել, չգիտեմ էլի ինչ-որ բան են տրամադրել։ Փաստացի այս և նախորդ նշած դրույթները սկսել են գործել, երբ նշանակվել են ԱԺ ընտրությունները»։
Արդեն 2026–ի հունվարին ընդունված փոփոխություններով նոր կանոններ են գործելու նաև դիտորդական առաքելությունների համար։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանի հիմնավորմամբ՝ օրենսդրական բացն արձանագրել են հենց դիտորդական առաքելությունները․
«Կան կազմակերպություններ, որոնք, ըստ էության, դիտորդի շապիկի տակ քաղաքականությամբ են զբաղվում»։
Սա է պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշել է ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար քաղաքական չեզոքության ստուգման նոր պահանջներ սահմանել և ընդլայնել թե՛ բարեվարքության ստուգման մեխանիզմները, թե՛ իրավասու մարմնի, տվյալ դեպքում ԿԸՀ-ի լիազրությունները խախտումներ արձանագրելու դեպքում։ Նոր կարգավորումներով դիտորդական առաքելությունները խախտումների դեպքում կարող են զրկվել հավատարմագրումից։
Այս առնչությամբ մի շարք կազմակերպություններ արդեն հայտարարել են, որ նոր պահանջները փակելու են դռները ցանկացած անկախ ու չեզոք դիտորդական առաքելության առաջ։
2026-ի համապետական ընտրությունների կարևորագույն խնդիրներից են նաև հիբրիդային սպառնալիքները, համոզված են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։
Սիսակ Գաբրիելյան․ «Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, եթե չեմ սխալվում մի որոշ հատվածն էլ հրապարակային է, այնտեղ շատ պարզ նկարագրում է, թե որն է։ Այդ թվում մեր ԵՄ գործընկերներն ունեն դրա փորձը, թե ինչպես դրա դեմ պայքարել»։
Տարբեր գնահատումներով հավանական է համարվում Հայաստանում Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների օրինակը կրկնելու փորձը։ Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար ԵՄ-ն Հայաստանին բացի խոստացված 15 միլիոն եվրոյից, ըստ հրապարակումների՝ ԵՄ-ն պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ ավելի մշտական քաղաքացիական առաքելություն։