Տարածաշրջանում այլ ուժերի ներկայությունն անկայունության աղբյուր է․ Իրան-ԱՄՆ լարվածությունը հայ-իրանական հանդիպումների օրակարգում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա վերահաստատել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը՝ տարածաշրջանում անվտանգության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։ Սուրեն Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված թնջուկը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Թեհրանը, ի դեպ, պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է անհրաժեշտ քայլեր անելու՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։

Թեհրանը հաստատակամ է տարածաշրջանային իրադարձությունների հարցում իր սկզբունքային դիրքորոշմանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա շեշտել է, որ Թեհրանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության, կայունության և ամուր անվտանգության պահպանման սկզբունքին:

Շատ փորձագետներ կարևորում են Հայաստանի և Իրանի ռազմատեխնիկական գործակցությունը։ Իրանի նախագահն այդ առումով վերահաստատել է Երևանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մշակումն ավարտելու Թեհրանի վճռականությունը։ Նաև ընդգծել է երկու հարևան երկրների տնտեսական և տարանցիկ գործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Փեզեշքիանը նշել է, որ հարևան երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Իրանի արտաքին քաղաքականության գերակայությունն է:

Նախարար Պապիկյանն էլ կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ճանապարհով լուծումը:

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Մուսավին ևս շեշտել է տարածաշրջանի երկրների գործակցության կարևորությունը անվտանգության և կայունության ամրապնդման գործում: Նա վերահաստատել է Հայաստանի զինված ուժերի հետ ռազմական գործակցությունն ընդլայնելու Իրանի պատրաստակամությունը։

Իրանցի հրամանատարը շեշտել է, որ այլ ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի երկրների շահերին և անկայունության ու անապահովության աղբյուր է։

Սուրեն Պապիկյանը նշել է, որ տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը բխում են բոլոր երկրների շահերից, և որ Հայաստանը աջակցում է խաղաղության գործընթացին։

Իրանցի գեներալն ասել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել և նախկինում ձգտել է կանխելու էսկալացիան ու նվազեցնելու կորուստները, սակայն ԱՄՆ գործողությունները հանգեցրել են մոտեցումների փոփոխության։ Վերհիշելով անցած տարվա 12-օրյա պատերազմը՝ Մուսավին զգուշացրել է, որ սխալի կրկնության դեպքում Իրանը թշնամուն ծանր կորուստներ կպատճառի։

AP գործակալությունը հաղորդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վարժանքներ է անցկացնում, որոնք ներառում են գործողություններ հրթիռներով և անօդաչու սարքերով։ Գործակալությունը չի հայտնել վարժանքների ճշգրիտ ժամանակը և վայրը:

Իրանի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Քարամի․ «Բոլոր ստորաբաժանումները, տարբեր կարողություններով՝ ներառյալ հրթիռային, հրետանային, անօդաչու սարքերը, հատուկ նշանակության, զրահապատ և մեքենայացված ուժերը, մշակել են շատ արդյունավետ միջոցառումներ: Այս պլանները մշակվել են առկա սպառնալիքների հիման վրա»:

Շաբաթներ առաջ Իրանի ափերի մոտ ամերիկյան ռազմական տորմիղ է տեղակայվել, որի կազմում Abraham Lincoln ավիակիրն է։ Բացի այդ՝ Կարիբյան ավազանից Պարսից ծոց է շարժվում նաև աշխարհի ամենամեծ ավիակիրը՝ Gerald R. Ford-ը։

Ընդհանուր առմամբ, ըստ Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծության, Պարսից ծոցում կենտրոնացվել է առնվազն 16 ամերիկյան ռազմանավ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցցանցում գրում է, որ բանակցությունների նախորդ փուլում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա Իրանը Ժնևում կվերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ հնարավորինս շուտ արդար համաձայնության հասնելու համար։

«Մեր սկզբունքները շատ պարզ են․ Իրանը չի մշակի միջուկային զենք, միևնույն ժամանակ Թեհրանը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների առավելություններից օգտվելու իրավունքից»։

Արաղչին ընդգծել է, որ բացառիկ պատմական հնարավորություն կա Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր կնքելու։ Հակառակ դեպքում, ըստ նրա, Իրանը ոչ մի բանի առջև կանգ չի առնի իր ինքնիշխանությունը  պաշտպանելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, պնդում է, որ Իրանը հրթիռներ է ստեղծում, որոնք կարող են հասնել մինչև Միացյալ Նահանգներ։

Leave a Comment