Մենք լիովին աջակցում ենք Վինիսիուսին․ Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորի և պորտուգալական ակումբի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանիի միջև ծագած սկանդալը։

«Հիմա ճիշտ ժամանակն է վերջ դնել ֆուտբոլում նման երևույթներին։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ ասել Վինիսիուսը… և նման բան արդեն բազմիցս պատահել է։ Մենք պետք է կանգնեցնենք սա։ Որոշումը կայացնողը ՈւԵՖԱ-ն է։

Ժոզե Մոուրինյուն մնում է Մոուրինյու։ Որպես մարզիչ դու միշտ պաշտպանելու ես քո ակումբին։ Բայց ինձ մտահոգում է այն, որ Վինիսիուսի կողմից գոլի տոնումն օգտագործում են հենց իր դեմ: Երբ «Ռեալը» գոլ է բաց թողնում, դա երկու-երեք անգամ ավելի մեծ ուշադրության է արժանանում։ Դա եղել է, և մենք պետք է առաջ շարժվենք: Բայց մենք չենք կարող արդարացնել ռասիզմի ենթադրյալ դրսևորումը զուտ գոլը տոնելու պատճառով:

Ինչ վերաբերում է «Բենֆիկայի» նախագահի խոսքերին, ապա բարդ է որևէ բան ասել. դա միշտ էլ լինելու է մեկի խոսքն ընդդեմ մյուսի։ Այնուամենայնիվ, մենք լիովին աջակցում ենք Վինիսիուսին, որը շատ բաների միջով է անցել: Նա հաստատ լսել է դա, ինչպես լսել է նախկինում շատ անգամներ, և ես նրան 100 տոկոսով հավատում եմ: Քանի որ մրցակցի ֆուտբոլիստը խոսելիս փակել էր բերանը, մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը: Բնական է, որ «Բենֆիկան» կպաշտպանի իր խաղացողին: Սակայն մենք շատ բան անել չենք կարող. սա ՈւԵՖԱ-ի գործն է», – Կուրտուայի խոսքերն է փոխանցում AS-ը:

Leave a Comment