«Իմիտացիոն պատասխանատվություն՝ իրական վտանգների ֆոնին»․ ՀՀ պահեստազորի զինծառայողներ


ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն անդրադարձել է ՆԳՆ կադրային փոփոխություններին։

 

«Վերջին շրջանում Հայաստանում արձանագրվող դանակահարությունների և սպանությունների մտահոգիչ աճի ֆոնին հանրությունը ականատես եղավ Ներքին գործերի նախարարության երեք փոխոստիկանապետերի պաշտոնանկությանը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ նրանք նշանակվել են նախարարի խորհրդականների կամ օգնականների պաշտոններում։

 

Զարմանալի է, որ պաշտոնանկությունից խուսափեց հենց նախարար Ա. Սարգսյանը, ով անմիջականորեն պատասխանատու է նախարարությունում իրականացվող կադրային քաղաքականության և հանցագործությունների դեմ պայքարի համար։

 

Հավանականորեն ոչ ոք չի հպարտանալու ԱԱԾ պաշտոնյաների պաշտոնանկությամբ. կրկին պարզ դարձավ այն ընկալումը, որ այս կառույցը իշխանությունների ձեռքում վերածվել է քաղաքական մահակի, իսկ ապօրինի զենքի, զինամթերքի և պայթուցիկ սարքերի առգրավումը գրեթե միշտ իրականացվում է բացառապես քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերի շրջանակներում։

 

Ցավալի է, որ իրավապահ համակարգի խնդիրների պատճառով քաղաքացիները, կորցնելով հավատը արդարադատության հանդեպ, հաճախ ստիպված են լինում արդարությունը փնտրել ինքնադադատաստանի միջոցով։

 

Հ.Գ. Ակնհայտ է, որ մոտ օրերում կրկին ականատես կլինենք ողբերգական դեպքերի»։


Leave a Comment