Ադրբեջանական բենզինը շատ արագ է սպառվում. Պապոյանը` գնի տատանումների մասին

Ադրբեջանական բենզինը հենց 430 դրամով գալիս է, շատ արագ սպառվում է, ասել է Պապոյանը

Ադրբեջանական բենզինը շատ արագ է սպառվում. Պապոյանը` գնի տատանումների մասին


ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է բենզինի գնի տատանումներին և հայտնել, որ պատճառը ադրբեջանական բենզինի շատ արագ սպառումն է։


«Ադրբեջանական բենզինը հենց 430 դրամով գալիս է, շատ արագ սպառվում է: Ինչքան շատ ենք բերում, այդքան արագ է սպառվում», – ասել է Պապոյանը։


Նախարարի խոսքով՝ հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, մյուս բենզինը թանկանում է, և հետևությունն այն է, որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերվի, որպեսզի միշտ էժան գնով բենզին լինի։


«Այսինքն՝ ինչքան շատ բերենք, այդքան գները կիջնեն ներքև: Եվ դա շատ տրամաբանական է», – նշել է նախարարը։


Ըստ Պապոյանի՝ մինչև բենզինի ներկրումը «ռեգուլյար» տեսակը Հայաստանում վաճառվում էր 500-520 դրամով, մինչդեռ այժմ արժե 445 դրամ։


Նախարարի հաշվարկով՝ 520 դրամի համեմատությամբ տարբերությունը կազմում է 75 դրամ, ինչը նշանակում է, որ քաղաքացին ամեն լիտրի վրա խնայում է 75 դրամ, իսկ յուրաքանչյուր 10 լիտրի դեպքում՝ 750 դրամ։

Leave a Comment