Ուղիղ չորս տարի առաջ՝ այս օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում, այսպես կոչված, հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ որպես պատճառներ նշելով հարևան ու երբեմնի եղբայրական անկախ պետության «դեմիլիտարիզացիայի» և «դենացիֆիկացիայի» անհրաժեշտության մասին։ 2022-ի փետրվարի 24–ին կանխատեսվում էր, որ ռուսական կողմի գործողությունը տևելու է մի քանի օր։
Այսօր՝ 2026 թ․ փետրվարի 24-ին, պատերազմի 1461-րդ օրն է․ Ռուսաստանը դեռ շարունակում է հարձակումը Ուկրաինայում։ Զոհվածների թվի մասին խոսելիս կիրառվում է «հարյուր հազարավոր» բառակապակցությունը։ Երկիրը լքել են միլիոնավոր մարդիկ։ Պատերազմի հինգերորդ տարվա մեկնարկին կանխատեսումները լավատեսական չեն․ այս տարին նույնպես Ուկրաինային խաղաղություն դժվար թե բերի։
Պատերազմի չորրորդ տարում ռուս-ուկրաինական պատերազմի առաջնագիծը ռուսական կողմի մարդկային ռեսուրսի ահռելի կորուստների գնով դանդաղորեն շարժվել է դեպի արևտմուտք։ Մոսկվային հաջողվել է վերահսկողությունը վերականգնել Կուրսկի նկատմամբ, հսկողության տակ առնել Պոկրովսկի, Տորեցկի, Վոլչանսկի և Դոնեցկի, Զապորոժիեի, Խարկովի մարզի բազմաթիվ բնակավայրեր։ Ռուսական կողմը շարունակում է առաջխաղացման փորձերը՝ միաժամանակ գրոհելով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները և հասնելով երկարատև էներգետիկ կոլապսի ու հումանիտար ճգնաժամի։
Կիևն էլ ողջ տարվա ընթացքում շարունակել է անօդաչուներով գրոհները՝ զգալի վնասներ հասցնելով Ռուսաստանի սահմանային բնակավայրերին ու տնտեսական ենթակառուցվածքներին և կրճատելով ռուսական բյուջեի եկամուտները։
Ռուսական զինուժի հաստատված կորուստները փետրվարի 23-ի տվյալով 177․433 է, ուկրաինական ցուցակում հաստատված տվյալները թվագրվում են հունվարի 31-ով՝ ավելի քան 170 հազար՝ ներառյալ անհետ կորածները։
ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ այս տարվա փետրվարի 13-ի տվյալով՝ քաղաքացիական բնակչության շրջանում առնվազն 15․172 զոհված, 41․378 վիրավոր կա։
Արևմտյան հետախուզության և անկախ կառույցների տարբեր աղբյուրներ այլ տվյալներ են նշում․ ոչ պաշտոնական թվերը պաշտոնականը գերազանցում են անգամներով։ Դեռևս 2024-ին այդ աղբյուրներին հղումով Wall Street Journal-ը գրել էր, որ երկու կողմից զոհերի և վիրավորների թիվը հասել է մեկ միլիոնի։
Պատերազմի տարելիցին ընդառաջ Կիևում են եվրոպական կառույցների արևմտյան երկրների առաջնորդներ՝ աջակցություն հայտնելու Ուկրաինայի իշխանություններին։ Նախագահ Զելենսկին էլ արևմտյան լրատվամիջոցների եթերներում հայտարարել է՝ ուղիղ չորս տարի է, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը։
«Պուտինը չի հասել իր նպատակներին։ Նա չի կոտրել ուկրաինացի ժողովրդին։ Նա չի հաղթել այս պատերազմում: Մենք պահպանել ենք Ուկրաինան և ամեն ինչ կանենք խաղաղության հասնելու և արդարությունն ապահովելու համար», — նշել է Զելենսկին՝ հայտարարելով նաև, որ Ուկրաինան պաշտպանել է իր անկախությունը Ռուսաստանի ներխուժումից ի վեր և չի դավաճանի իր ժողովրդի զոհողություններին։
Ըստ փորձագիտական կանխատեսումների՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ուկրաինան այս պահին չունեն բավարար ներուժ՝ լրջորեն փոխելու իրավիճակը մարտի դաշտում, ուստի մարտի այս պահին նոր բեկում չի ակնկալվում։
Որքա՞ն է դեռ շարունակվելու պատերազմը։ Reuters-ը, հղում անելով եվրոպական հետախուզության տվյալներին, գրում է, որ այս տարի այն դժվար թե ավարտվի, քանի որ խաղաղության շուրջ բանակցություններն ավելի շատ իմիտացիա են հիշեցնում։ «Ռուսաստանը ձգտում է ոչ թե խաղաղության համաձայնագրի կնքման, այլ սեփական ռազմավարական նպատակներին հասնելուն»,–փաստել է Reuters-ի աղբյուրը։
Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ պատրաստ է խաղաղության բացառապես իր պայմաններով, ինչն Ուկրաինայի համար նշանակում է տարածքային լուրջ կորուստներ։
Ուկրաինայի նախագահը դա անուղղակիորեն խոստովանել է՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը ցանկանում է հասնել պատերազմի ավարտին այս տարվա հունիսին ու այդ նպատակով ճնշում է գործադրում Կիևի վրա։
BBC-ի եթերում Ուկրաինայի նախագահը նաև ասել է․ Պուտինը սկսել է երրորդ համաշխարհային պատերազմը։ Երրորդն է, թե ոչ՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը 21-րդ դարի ամենատևական ու դաժան առճակատումներից է։ Ժամանակային առումով այն արդեն գերազանցել է Հայրենական մեծ պատերազմը։ Վերջինս ձգվել է 1418 օր, այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 1461-րդ օրն է։