Հայաստանն այս փուլում հանգամանորեն ուսումնասիրում է մոդուլային փոքր ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները՝ Զինաթափման համաժողովի ժամանակ Ժնևում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ ընտրությունը հիմնված է լինելու հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, չափանիշներին Հայաստանի հավատարմության վրա։
Զինաթափման համաժողովի մասնակիցները Ժնևում քննարկել են ոլորտի նոր խնդիրները, որոնք բխում են միջուկային սպառնալիքներից ու արհեստական բանականությունից։ Զարգացող տեխնոլոգիաների պատճառով առաջացել է նոր անհրաժեշտություն՝ վերանայելու «Միջուկային զենք չտարածելու մասին» պայմանագիրը։
Աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին աշխարհի 191 պետություն մտադիր է 11-րդ անգամ վերանայելու «Միջուկային զենք չտարածելու մասին» պայմանագիրը, փաստաթուղթը վերջնական տեսքի կբերվի այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Նյու Յորքում։ Որպես ատոմակայան ունեցող երկիր Հայաստանն ուշադրության կենտրոնում է, նաև ակտիվորեն մասնակցում է փաստաթղթի վերանայման աշխատանքներին, անգամ առաջարկներ է ներկայացրել։ Համաշխարհային զինաթափման և անվտանգության ավելի լայն նպատակներն առաջ մղելու համար 2026 թվականը վճռորոշ նշանակություն է ունենալու՝ Զինաթափման համաժողովի ժամանակ Ժնևում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք համարում ենք, որ առաջիկա վերանայման գործընթացը բացառիկ հնարավորություն է ընձեռում միջազգային հանրությանը՝ ևս մեկ անգամ արտահայտելու իր ընդհանուր հավատարմությունը Պայմանագրի նպատակներին ու սկզբունքներին։ Այս համատեքստում խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգետիկան որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Մինչ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, մենք ուսումնասիրում ենք սահուն և անվտանգ անցման հնարավորությունները դեպի նոր միջուկային էներգաբլոկ»:
Այս հարցում Հայաստանն ավելի վստահ դարձավ Միացյալ Նահանգների հետ Միջուկային էներգիայի ոլորտում գործակցության մասին համատեղ հայտարարության ստորագրումից հետո, որն ազդարարեց «1-2-3 համաձայնագրի» բանակցությունների ավարտի մասին։ Խոսքը տիպային պայմանագրի մասին է, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաներ և նյութեր փոխանակել այլ երկրների հետ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարի 9-ին Երևանում հայտարարել էր․

«Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Սա դասական փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, կարծում եմ՝ նաև Հայաստանի համար։ Սա նշանակում է, որ փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Սա այն քիչ երկրներից մեկն է, որի հարցում մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու»։
Ստորագրված փաստաթուղթը ներառում է Մեծամորի ատոմակայանի անվտանգություն, նոր հզորությունների կառուցման հնարավորություն և մասնագետների պատրաստում։ Այն նպատակ ունի բարձրացնելու Հայաստանի միջազգային պրոֆիլը միջուկային զենք չտարածելու ոլորտում և ամրապնդելու տեխնոլոգիական կապերը ԱՄՆ-ի հետ։
Վերադառնանք «Միջուկային զենք չտարածելու մասին» պայմանագրի 11-րդ վերանայմանը․ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաստատել է Հայաստանի հավատարմությունը երեք հիմնական սկզբունքներին՝ չտարածել, զինաթափել, խաղաղ նպատակներով օգտագործել։ Վերջին սկզբունքի համաձայն՝ բոլոր երկրներն իրավունք ունեն զարգացնելու միջուկային էներգետիկան խաղաղ նպատակներով, օրինակ՝ էլեկտրակայաններն ու բժշկությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հսկողության ներքո։
«Հայաստանը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների առկա տեխնոլոգիական տարբերակները և դիտարկում միջազգային գործընկերների ներկայացրած առաջարկները։ Ընտրության գործընթացը հիմնված է հուսալիության, երկարաժամկետ կայունության և միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման բարձրագույն չափանիշներին մեր հավատարմության վրա»։
«Միջուկային զենք չտարածելու մասին» պայմանագրի 11-րդ վերանայման շրջանակում Հայաստանն առաջարկություններով է հանդես եկել։ Մասնավորապես՝ Հայաստանի համար առաջնային է Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը և անցումը նոր հզորությունների մինչև 2036 թվականը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործումը ՀՀ ռազմավարական առաջնահերթությունն է: Հայաստանը հետևողականորեն պնդում է, որ միջուկային խաղաղ օբյեկտները, ինչպիսին Մեծամորի ԱԷԿ-ն է, չպետք է թիրախավորվեն կամ դառնան սպառնալիքի առարկա նույնիսկ զինված հակամարտությունների ժամանակ: Հայաստանը նաև աջակցում է Մերձավոր Արևելքում առանց միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի գոտու ստեղծմանը:
«Հայաստանն առանձնահատուկ շեշտադրում է սովորական սպառազինությունների միջազգային փոխանցումների հարցում պետությունների պատասխանատվությունը։ Զենքերը չպետք է մատակարարվեն այնտեղ, որտեղ առկա է ռիսկ, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի կամ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտումներ իրականացնելու կամ դրանց նպաստելու համար, կամ քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ կերպով վնաս հասցնելու համար։ Սպառազինությունների վերահսկման ռեժիմները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում են բարեխղճորեն և հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ թափանցիկությամբ, ստուգելիությամբ, համապատասխանելիությամբ և զսպմամբ»։
Սպառնալիքների նոր խումբը գալիս է նաև արհեստական բանականության ոլորտից։ Նախարար Միրզոյանի խոսքով՝ այդ ոլորտի թռիչքաձև զարգացումները վերափոխում են ժամանակակից կյանքի բազմաթիվ ոլորտներ՝ ներառյալ ռազմական բնագավառը: Թեև տեխնոլոգիական նորարարությունն ընձեռում է նոր հնարավորություններ, նաև առաջ է բերում էթիկական, իրավական և անվտանգային խորքային մարտահրավերներ, հատկապես երբ կիրառվում է պատերազմական գործողությունների ժամանակ։ Նախարարն ընգծել է, որ այս դեպքում անհրաժեշտ են պատշաճ կարգավորող միջոցներ, ինչպիսիք են, օրինակ, սահմանափակումները։
«Ռազմական արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման ընթացքում իմաստալից մարդկային վերահսկողության ապահովումը կենսական նշանակություն ունի։ Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները, ինչպես նաև դրանց հետևանքների համար պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը պետք է հաստատապես մնան մարդկանց ձեռքում և չեն կարող պատվիրակվել մեքենաներին»։
Զինաթափման համաժողովի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հարկ է համարել խոսելու նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղության մասին, որը կյանքի է կոչվում 2025 թ․ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքով։
Հարավային Կովկասում բացվել է խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանային գործակցության նոր էջ՝ Ժնևում հայտարարել է նախարար Միրզոյանը։ Ըստ նրա՝ ներկա պայմաններն իրական հնարավորություն են ընձեռում Հայաստանի և Ադրբեջանի միջև զարգացնելու փոխկապակցվածությունը, առևտուրը և վստահության ամրապնդման միջոցները, որոնք կարող են էական դեր ունենալ խաղաղության ամրապնդման, փոխվստահության խորացման և տարածաշրջանային գործակցության խթանման գործում։