Աշխատանքային փորձաշրջան․ տևողությունը և պայմանները

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են Աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

Աշխատողն իրավունք ունի անձամբ կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի (իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողը՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) գրավոր հարցման հիման վրա ստանալու ամբողջական տեղեկատվություն գործատուի մոտ պահպանվող իր անձնական տվյալների և դրանց մշակման վերաբերյալ, այդ թվում՝

  • ազատորեն և անվճար ծանոթանալու իր անձնական տվյալներին, ստանալու անձնական տվյալներ պարունակող յուրաքանչյուր գրառման պատճենը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
  • ծանոթանալու իրեն վերաբերող բժշկական տվյալներին, ընդ որում` նաև իր ընտրած բժշկի մասնակցությամբ.
  • պահանջելու հանել կամ ուղղել սխալ կամ ոչ լիարժեք, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջների խախտումով մշակված անձնական տվյալները: Այդ պահանջը մերժվելու դեպքում աշխատողն իրավունք ունի գործատուին գրավոր ձևով ներկայացնելու իր անհամաձայնությունը` կցելով համապատասխան հիմնավորումներ.
  • գործատուից պահանջելու իր վերաբերյալ սխալ կամ ոչ լիարժեք տեղեկություններ փոխանցած բոլոր անձանց տեղեկացնել հանված տեղեկությունների, ուղղումների և լրացումների մասին.
  • դատական կարգով բողոքարկելու գործատուի յուրաքանչյուր գործողություն կամ անգործություն` կապված իր անձնական տվյալները մշակելու և պահպանելու հետ:

Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, արտակարգ դրության կամ կարանտինի ընթացքում գործող՝ Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին, իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով, պաշտոնի անձնագրով, գործատուի ներքին և անհատական իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները:

Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

  • տասնութ տարին չլրացած անձինք կամ մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները.
  • ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք.
  • գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք.
  • օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, երբ մինչև տասներկու ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան:

Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.

  1. կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.
  2. կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.
  3. աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
  4. պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.
  5. օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին.
  6. զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները:

Leave a Comment