Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան արձագանքել է «Բենֆիկան» գլխավորող Ժոզե Մոուրինյուի հայտարարությանը։
Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած հանդիպումից (0-1) հետո պորտուգալացի մասնագետը նշել էր, թե մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորն իր խփած գոլը տոնելիս սադրել է մրցակցի երկրպագուներին։ Նշենք, որ այդ խաղում բրազիլացի ֆուտբոլիստն, իր պնդմամբ, ռասիստական վիրավորանքների էր ենթարկվել։
«Բոլորը տեսան, թե ինչ տեղի ունեցավ. մենք բոլորս դիտում էինք խաղը։ Սա իսկապես կարևոր հարց է, և մենք չենք կարող անտեսել այն։ Ես չեմ սիրում մեկնաբանել ուրիշների կարծիքը՝ լինի դա Կոմպանիինը, Մոուրինյուինը, թե որևէ այլ անձինը։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, ես էլ արտահայտում եմ իմը։ Վինիսիուսը ֆանտաստիկ գոլ հեղինակեց և տոնեց այնպես, ինչպես հարյուրավոր անգամներ տեսել ենք բազմաթիվ այլ ֆուտբոլիստների կատարմամբ՝ անկախ նրանց ծագումից։ Մենք չենք կարող զոհին որպես սադրիչ ներկայացնել։ Կրկնում եմ՝ Վինիսիուսի ոչ մի արարք չի արդարացնում ռասիստական դրսևորումը»,- Արբելոայի խոսքերն է մեջբերում AS պարբերականը։
ՈւԵՖԱ-ն կարգապահական հետաքննություն է սկսել տվյալ հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։