Վարդանյան․ Ապրեք պարզ, սիրեք շռայլ, մի վախեցեք մահից, ներեք և մի դատեք՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն

Վարդանյան․ Ապրեք պարզ, սիրեք շռայլ, մի վախեցեք մահից, ներեք և մի դատեք՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն

21 փետրվարի 2026 – 13:48 AMT

PanARMENIAN.Net – Ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։

«Ուզում եմ ասել, որ իսկապես զարմանալի է՝ այս բոլոր մտքերը, որոնք դուք կարդում եք տարբեր, բացարձակ տարբեր աղբյուրներում, դրանց աղբյուրը մեկն է՝ իմաստությունը, բայց ձևը՝ տարբեր։

Ուզում եմ ձեզ նաև փոխանցել (նվիրելով իմ սիրելի կնոջը, ում տարեդարձն է եղել վերջերս), կյանքի կարճ ու երկար բանաձևը։ Ոմանց դուր է եկել կարճ տարբերակը, մյուսներին՝ գուցե երկարը։

Ապրե՛ք պարզ, սիրե՛ք շռայլ, հո՛գ տարեք ի սրտե, խոսե՛ք սրտանց, անընդհատ սովորե՛ք, ճանաչե՛ք ինքներդ ձեզ, հավատացե՛ք առանց կասկածի, մի՛ վախեցեք մահից, ներե՛ք և մի՛ դատեք, ու անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով։

Սա կարճ տարբերակն է։

Եվ երկար տարբերակը՝

Ապրե՛ք պարզ, ուրախ և 100% ներկա ակնթարթով։

Սիրե՛ք շռայլ, տվե՛ք ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չխնդրելով։

Հո՛գ տարեք ի սրտե, բայց զգույշ, որպեսզի չվնասեք, քանի որ բռնության միջոցով բարությունն այլևս բարություն չէ։

Խոսե՛ք սրտանց, անկեղծ և կարճ։

Հավատացե՛ք առանց կասկածի կամ վարանման, առանց մոլեռանդության։

Սովորե՛ք՝ ճանաչելով ինքներդ ձեզ և աշխարհը՝ անընդհատ, ջանադրաբար և սիրով։

Ներե՛ք, մի՛ դատեք։

Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն։

Եվ անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։ Մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն։

Այնպես որ, երկու դեպքում էլ եթե այսպես վարվենք, եթե այս պարզ քայլերն անենք՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն, ամեն ինչ լավ կլինի։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Կներե՛ք, որ շեղվում էի։ Հեշտ չէ։

Ես այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի. Այստեղ եմ արդեն 21,000 ժամ և… Հետաքրքիր զգացողություն է։ 75 միլիոն ակնթարթ։ Եվ երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը՝ ամեն պահը։ Ուզում եմ ասել, որ բոլորիդ սիրում եմ, երախտապարտ եմ, շատ ուրախ եմ, որ ունեմ նման ընտանիք, նման հարազատներ։

Շնորհակալություն բոլորին, այդ թվում՝ անծանոթներին, ովքեր գրում են ինձ. ես այնքա՜ն շատ նամակներ եմ ստանում անծանոթներից…

Շատ շնորհակալ եմ ձեր բարության, ձեր խոսքերի, ձեր էներգիայի համար։ Հատկապես, երբ այն ձեռագիր է, մտքերը զգացվում են։ Ավելի հաճախ գրե՛ք ձեռքով։ Գրե՛ք նամակներ միմյանց։ Գրե՛ք ձեր սիրելիներին, ձեր ընտանիքին։

Այսքանը, բոլորիդ գրկում եմ, շատ եմ սիրում ձեզ, և ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով»,-ասել է Վարդանյանը:

Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Վարդանյանին։ Amnesty International-ը Վարդանյանի դատավճիռն արդարադատության նկատմամբ ծաղր է որակել: Ջարեդ Գենսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հայ գերիների ազատ արձակմանը նպաստելու իր հրապարակային խոստումը։

Leave a Comment