Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգում: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, առաջին երկու տարիներին համակարգը ներդրվել է պիլոտային սկզբունքով, և փոփոխություններով փորձ է արվում շտկելու պիլոտի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները: Ըստ նախարարի՝ Կառավարության այսօրվա որոշման նպատակն է նաև ծրագիրը դարձնել մշտական: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։
Նախարարը տեղեկացրել է, որ հիմնական փոփոխությունները վերաբերում են քվեարկության մեխանիզմի հստակեցումներին. «Սահմանվում է, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրին վերաբերող առաջարկների դեպքում քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել միայն մեկի օգտին»:
Առաջարկվում է սահմանել շեմերի տարբերակում՝ ելնելով առաջարկ-նախագիծն ընդգրկող բնակավայրի չափից։ Մասնավորապես, սահմանվում են հետևյալ շեմերը. եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում, ապա բնակչության 1 տոկոսը, եթե առաջարկ-նախագիծը նախատեսվում է իրականացնել 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրում, ապա՝ 2 տոկոսը։ Նախատեսվում է նաև կարգավորել այն իրավիճակները, երբ տվյալ տարում համայնքը ստանձնում է մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված սուբվենցիոն ծրագրերի իրականացման պարտավորություն, սակայն բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ այն չի ավարտվում համայնքապետարանի գործունեությունից անկախ հանգամանքների պատճառով։ «Նախատեսվում է հնարավորություն տալ ծրագրի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագիրն առնվազն 70 տոկոսով իրականացված և ֆինանսավորված է բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ: Արդեն սկսված ծրագրերի ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել առավելագույնը 6 ամսով»,– նշել է Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 2026 թվականից մասնակցային բյուջետավորման գործընթացը դառնում է մշտական և տարածվում է այն համայնքների վրա, որոնք սահմանված են տվյալ տարվա պետական բյուջեի հավելվածով:
Ըստ նախարարի՝ գործընթացը համայնքներում սկսվում է նախորդ բյուջետային տարվա ընթացքում, իսկ սուբվենցիայի հայտերի վերջնաժամկետը սահմանվում է մինչ մարտի 1-ը՝ ներկայիս ապրիլի 1-ի փոխարեն, ինչը հնարավորություն է տալիս ավելի երկար ժամանակ հատկացնել ծրագրերի իրականացման համար: Սուբվենցիայի տրամադրման պայմանագրում ամրագրվող իրավահարաբերությունները հստակեցնելու նպատակով սահմանվում են այդ պայմանագրում պարտադիր նշվող դրույթները, որոնք ներառում են՝ նպատակն ու տևողությունը, վերահսկվող ցուցանիշներն ու ակնկալվող արդյունքները, սուբվենցիայի չափը և դրա հնարավոր մասնաբաժիններով տրամադրման պայմանները, ինչպես նաև ծրագրի իրականացման վերահսկողության, մշտադիտարկման և հաշվետվության կարգը, և այն պայմանը, որ պետական ֆինանսավորում տրամադրվում է միայն համայնքի համաֆինանսավորման իրականացումից հետո: Նախատեսված կարգավորումները միտված են մասնակցային բյուջետավորման համակարգի ինստիտուցիոնալ կայացման ամրապնդմանը և շարունակական զարգացմանը՝ ապահովելով առավել մասնակցային և արդյունավետ գործընթաց, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի ժամանակին իրագործման համար բարենպաստ պայմաններ: Հաշվի առնելով նախկին ձեռքբերումները և բարելավման հնարավորությունները ակնկալվում է, որ մասնակցային բյուջետավորումը կշարունակի կատարելապես կայանալ որպես արդյունավետ և համապարփակ գործիք՝ ուղղված համայնքների կայուն զարգացմանը և բնակիչների ակտիվ ներգրավմանը համայնքային առաջնահերթությունների ձևավորման, որոշումների կայացման ու իրականացման գործընթացներում։
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ և պարզաբանումներ: