Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ Էկանոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված 2026 թվականի օգոստոսի 3-ից Հայաստանում սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև մետաղական օգտագործված մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Արգելքը կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 3-ը։
Նախագծի նպատակն ու բնույթը
Կառավարության որոշմամբ ժամանակավորապես կսահմանափակվի Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) անդամ պետություններ մետաղի որոշ տեսակների տեղափոխումը և երրորդ երկրներ արտահանումը։
Արգելքը վերաբերում է` սև մետաղի ջարդոնին և թափոնին, գունավոր մետաղների ջարդոնին (պղինձ, ալյումին, ցինկ, կապար և այլք), ինչպես նաև սև մետաղից պատրաստված, օգտագործված կամ սպառված որոշ սարքավորումների և արդյունաբերական ապրանքների (մասնավորապես՝ 84-85 ապրանքախմբերին դասվող մի շարք սարքավորումների)։
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է սահմանել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք՝
1) ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308, 7402 ծածկագրերին դասվող (իսկ 7302 ծածկագրից՝ օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների) ապրանքների վրա.
2) ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000, 7902 00 000, 8002 00 000, 8101 97 000, 8102 97 000, 8103 30 000, 8104 20 000, 8105 30 000, 8106, 8112 61 00, 8108 30 000, 8109 3, 8110 20 000, 8111 00 190, 8112 13 000, 8112 22 000, 8112 31 000 0, 8112 41 000 1, 8112 52 000, 8112 92 210, 8113 00 400 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի վրա.
3) ԱՏԳ ԱԱ 8415-8417, 8419-8421, 8425-8426, 8428, 8435, 8438, 8449 00 000 0, 8454-8466, 8474-8475, 8477, 8481, 8482-8484, 8487, 8502-8504, 8507, 8514, 8516, 8544, 8549 ծածկագրերին դասվող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող ապրանքների վրա։
Միաժամանակ, որոշմամբ հստակ սահմանվում են բացառություններ։ Արգելքը չի տարածվում ժամանակավոր ներմուծման կամ վերամշակման մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերադարձման ենթակա ապրանքների վրա, ինչպես նաև անձնական օգտագործման համար ֆիզիկական անձանց կողմից արտահանվող սահմանափակ քանակի ապրանքների վրա։ Բացի այդ, սահմանափակումները չեն կիրառվի քաղաքացիական ավիացիայի և երկաթուղային տրանսպորտի շահագործման համար նախատեսված որոշ ապրանքների նկատմամբ։
Կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրները նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը։
Կառավարությունը երեքօրյա ժամկետում պետք է ծանուցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սահմանված արգելքի մասին։
Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի պաշտպանությամբ և զարգացմամբ։ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի բացակայության պայմաններում ոլորտի ձեռնարկությունները որպես հումք հիմնականում օգտագործում են տեղական ջարդոնն ու թափոնը։
Վերջին տարիներին արտաքին շուկաներում ձևավորված բարձր գների պատճառով Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանումը զգալիորեն ակտիվացել էր։ Արդյունքում տեղական արտադրողները կանգնել էին հումքի պակասի և գների աճի խնդրի առաջ։
Միաժամանակ, ներմուծվող մետաղի ջարդոնը, ըստ կառավարության գնահատման, տնտեսապես ոչ նպատակահարմար է՝ բարձր գների և լոգիստիկ ծախսերի պատճառով։ Դա հանգեցնում է նրան, որ ներմուծված հումքով արտադրված տեղական արտադրանքը դառնում է ավելի թանկ և կորցնում մրցունակությունը՝ անգամ ներքին շուկայում։
Ոլորտի ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վատթարացումը կարող է հանգեցնել արտադրության կրճատման կամ դադարեցման, ինչպես նաև ներմուծումից կախվածության խորացման։
Բյուջետային ազդեցությունը
2022-2026 թվականներին ոլորտում իրականացվել են շուրջ 240 մլն դոլարի ներդրումներ, այդ թվում՝ օտարերկրյա։ Արդյունքում ստեղծվել է 1680 աշխատատեղ։ Մի շարք ընկերություններ արդեն անցել են մետաղի ավելի խորը մշակման փուլ՝ ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ և այլ արտադրատեսակներ, որոնք նախկինում ներմուծվում էին։ Կառավարության գնահատմամբ՝ սա ներմուծման փոխարինման կարևոր քայլ է։ Որոշումը բխում է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից և ուղղված է ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության իրականացմանը և հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցում։ Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի կայուն գործունեության ապահովում, մրցունակության բարձրացում, առավել բարդ և բարձր ավելացված արժեքով ապրանքների արտադրություն:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսության միության անդամ պեոտություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից և Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.5-րդ կետով սահմանված դրույթներից, այն է՝ ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության մշակում, հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում։
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ
Սույն նախագծի ընդունումը կնպաստի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացի կանոնակարգմանը և կստեղծի բարենպաստ պայմաններ ներքին շուկան տեղական մրցունակ մետաղական ապրանքով ապահովելու և առավել բարձր ավելացված արժեքով ապրանքներ արտադրելու համար։ Նախաձեռնությունը դիտարկվում է որպես արդյունաբերական քաղաքականության գործիք, որի նպատակն է մետաղագործության ոլորտը պահպանել և զարգացնել որպես ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ՝ արտաքին տնտեսական բարդ պայմանների ֆոնին։