Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) բանակցություններ է վարում Իրանի իշխանությունների հետ՝ երկրի միջուկային օբյեկտներ իր տեսուչների մուտքը վերականգնելու համար։ Այս մասին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ԱԷՄԳ տեսուչները պետք է համոզվեն, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները՝ կապված իր տարածքում մնացած միջուկային վառելիքի և այլ ենթակառուցվածքների հետ։ «Կարծում եմ՝ Իրանը հասկանում է, որ մենք պետք է վերադառնանք։ Եվ մենք այս քննարկման մեջ ենք», – ասել է նա։
«Այս հարցերի ոլորտում դժվարությունն այն է, որ միշտ կա անուղղակի, թաքնված կապ դրա և (Իրանի) Միացյալ Նահանգների հետ ընթացող բանակցությունների, խորհրդակցությունների կամ քննարկումների միջև, ինչը շատ կարևոր է», – հավելել է Գրոսին։
Հարցազրույցը եղել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, որը տեղի է ունեցել փետրվարի 13-15-ը։