Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան դատապարտում է Եկեղեցու դեմ իրականացվող հալածանքները և արտաքին օրակարգերի սպասարկումը

Գիտությունների Համահայկական Ակադեմիան, հավատարիմ մնալով հայագիտության, պատմության և ազգային արժեքների պահպանման իր առաքելությանը, խստորեն դատապարտում է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի կողմից իրականացվող բացահայտ հակաեկեղեցական քաղաքականությունը։

Արձանագրելով իրավասությունների բացահայտ գերազանցում՝ հիշեցնում ենք, որ ՀՀ վարչապետի լիազորությունները սահմանափակված են բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և տարածվում են միայն ՀՀ քաղաքացիների վարչարարական կառավարման վրա՝ որևէ իրավական հիմք չունենալով միջամտելու համայն հայության հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաքելությանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը հանդիսանում է Ամենայն Հայոց Հայրապետը՝ աշխարհասփյուռ հայության հոգևոր առաջնորդը, ում հեղինակությունն ու կարգավիճակը վերպետական են և անձեռնմխելի։

Մենք արձանագրում ենք, որ Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված հետևողական վարկաբեկման արշավը պարզապես անձնական հարձակում չէ, այլ կանխամտածված գործիք՝ հայ ազգին քրիստոնեական հավատից և Հայ Առաքելական Եկեղեցուց վերջնականապես օտարելու համար, քանզի հարվածելով հոգևոր առաջնորդին՝ նպատակ եք հետապնդում կազմալուծել հազարամյա այն կառույցը, որը հանդիսանում է մեր ազգային ինքնության անառիկ ամրոցը։

Ազգային և հոգևոր արժեքների դեմ իրականացվող այս նպատակային հալածանքները մենք որակում ենք որպես հակապետական և պետականակործան դավադրություն։ Թշնամի պետությունների ղեկավարների և նրանց պահանջների ու ՀՀ կառավարության գործողությունների այս բացահայտ համընկնումը վկայում է մեկ միասնական ծրագրի մասին, որի վերջնանպատակը հայ մարդուն իր հոգևոր արմատներից զրկելն ու պետականությունը կազմալուծելն է։

Հայ Առաքելական Եկեղեցին վարկաբեկելու և հայ հավատը վերափոխելու փորձերը գնահատում ենք որպես ազգային ինքնության դեմ ուղղված հանցագործություն և հոգևոր ցեղասպանության տարատեսակ։

Խստորեն դատապարտում ենք տարբեր աղանդավորական շարժումների հովանավորումն ու Եկեղեցու դեմ դրանց հակադրումը, ինչը դիտարկում ենք որպես հայ մարդու ազգային գիտակցությունն ու հոգևոր դիմագիծը վերջնականապես ոչնչացնելու նպատակային փորձ։

Հայ ակադեմիական հանրության անունից պահանջում ենք.

Անհապաղ դադարեցնել պետական մակարդակով հրահրվող ատելության քարոզը, բռնությունները և սադրանքները Վեհափառ Հայրապետի նկատմամբ։

Գիտակցել, որ Եկեղեցու դեմ պայքարող ցանկացած իշխանություն դատապարտված է պատմական անփառունակ վախճանի։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է և կմնա հայոց պետականության և աշխարհասփյուռ հայության միասնականության հարատևության երաշխավորը։ Ակադեմիական հանրությունը տեր է իր Հավատքին և կանգնած է իր Հոգևոր Պետի կողքին։

orer.eu

Leave a Comment