18 փետրվարի 2026 – 14:02 AMT
PanARMENIAN.Net – Հայտնի գործարար և բարեր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ևս ծանր վճիռ կայացվեց, ինչը կանխատեսելի էր ադրբեջանական արդարադատության դեպքում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ըստ նրա՝ «ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին, ու դրանով պայմանավորված՝ հարցը հրել է իներցիոն հարթություն»:
Նրա գնահատմամբ՝ Բաքվում ապօրինի պահվող հայերի հարցը որևէ փուլում իրավական բնույթ չի կրել, այլ եղել է զուտ քաղաքական խնդիր, և դրա լուծումն էլ պետք է գտնվի նույն քաղաքական տրամաբանության մեջ։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում…Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- նշել է պատգամավորը։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։