Վատիկանը մերժել է Թրամփի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը

Վատիկանը հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդին, որին հրավիրվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։

«Ոչ, Վատիկանը չի մասնակցի Գազայի խաղաղության խորհրդին, իր հատուկ բնույթի պատճառով, որը ակնհայտորեն չի համապատասխանում պետությունների բնույթին։ Այնուամենայնիվ, մենք հաշվի ենք առնում, որ Իտալիան կմասնակցի որպես դիտորդ», – Պարոլինի խոսքերն է մեջբերում Corriere della Sera թերթը ։

Կարդինալը հիշեցրել է, որ անցյալ ամիս Սուրբ Աթոռը հրավեր է ստացել միանալու Խորհրդին։

Պարոլինի խոսքով՝ Վատիկանը «հաշվի է առնում» Իտալիայի կառավարության միանալու որոշումը, բայց նաև տեսնում է «որոշակի կարևոր կետեր, որոնք պետք է լուծվեն»։

«Խնդիրներից մեկն այն է, որ միջազգային մակարդակում հենց ՄԱԿ-ն է կառավարում այս ճգնաժամերը. սա այն կետերից մեկն է, որը մենք պնդել ենք», – նշել է Պարոլինը։

Leave a Comment