Ես շատ բարձր եմ գնահատել գնդերեցների ծառայութունը պատերազմի, ճգնաժամի ընթացքում. Դավիթ Տոնոյան


Հասարակություն


«Պաշտպանության նախարարությունում իմ պաշտոնավարման ընթացքում, երբ եղել եմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որպես միջազգային համագործակցության վարչության պետ, ամեն ինչ արել եմ, որ գնդերեցների ծառայությունը լինի նախարարությունում ավելի բարվոք»,-այս մասին լրագրողների հետ զրույցում դատական նիստի մեկնարկից առաջ ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով, այդ աջակցությունն արտահայտվել է թե նրանց ծախսերի, թե զինված ուժերում նրանց փոխհարաբերությունների ու այլ հարցերի առումով։

«Ես շատ բարձր եմ գնահատել գնդերեցների ծառայութունը պատերազմի, ճգնաժամի ընթացքում։ Շատ բարձր։ Մեզ նաև հաջողվեց նստավայր ընտրել, դա եղել է իմ պաշտոնավարման ժամանակ»,-ասաց նա։

Անդրադառնալով զինված ուժերում հոգևորականների թվի կրճատմանը, նրանց գործունեության սահմանափակմանը՝ Դ. Տոնոյանն ընդգծեց, որ դա որևէ լավ բանի չի բերի բարոյահոգեբանական իմաստով։

«Մեր զինծառայողների 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևոդներ են։ Ես արդեն ասացի, թե 44-օրյա պատերազմում, թե ճգնաժամային փուլերում շատ բարձր եմ գնահատել նրանց ծառայությունները»,-ընդգծեց նախկին նախարարը;

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ից պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հրամանով լուծարվել է ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։

Տեր Պսակ քահանա Մկրտչյանն ավելի վաղ հայտնել էր, որ պաշտպանության նախարարություն են հրավիրվել գնեդերեց-սարկավագները, ոչ ուղղակի կերպով հարցախույզի տեսքով փորձել էին հասկանալ նրանց դիրքորոշումը եկեղեցու դեմ արշավի մասին։ Ըստ քահանայի, տղաները տվել են ուխտապահ եկեղեցականին վայել պատասխան։


Leave a Comment