17 փետրվարի 2026 – 14:44 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալությունը մշակել է իր տիրապետության տակ անցած Արցախի Քարին Տակ և Տող գյուղերի, Հադրութի, Մատաղիսի և Շուշիի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր։ Մշակվել է նաև «Հաղթանակի ճանապարհ» զբոսաշրջային երթուղին, որը սկիզբ է առնում Վարանդայի շրջանից, հայտնում է monumentwatch.org կայքը, որը մշտադիտարկում է Արցախի մշակութային ժառանգությունը:
Կայքը ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ բացահայտ կերպով զբոսաշրջությունը միացվում է ռազմական հաղթանակի նարատիվին։
«Ադրբեջանը 2021 թվականից ի վեր գովազդում է Արցախի զբոսաշրջության կարևորությունը, ինչի վկայություններ են 2022 թվականին Շուշիում անցկացված առաջին միջազգային խոհարարական փառատոնը, 2023-ին Աղդամում անցկացված «Ազատագրված տարածքներում զբոսաշրջության վերականգնումն ու զարգացումը» թեմայով առաջին գիտագործնական համաժողովը, «Թյուրքական աշխարհի մշակութային զբոսաշրջության հեռանկարները» թեմայով միջազգային գիտական համաժողովը, Շուշիում կազմակերպված միջազգային գաստրոնոմիայի օրը, ինչպես նաև «Ադրբեջանի առողջապահական զբոսաշրջության համաժողով. զարգացման հնարավորություններ» թեմայով միջազգային համաժողովը։ Այս միջոցառումները ներկայացվում են որպես տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի խթանում։
Այժմ Ադրբեջանը նաև գովազդում է Արցախը միջազգային հարթակներում։ Սակայն իրականում դրանք միտում ունեն օկուպացված տարածքում միջազգային հանրության մոտ ստեղծել բնականոնության տպավորություն. Ամեն ինչ օրինական է և ամեն ինչ լավ է:
Զբոսաշրջության ադրբեջանական մոտեցման կարկառուն օրինակ է նաև Ստեփանակերտի «Հաղթանակի թանգարանի» նախագիծը։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտեի շենքը (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր) այժմ վերափոխվում է «Հաղթանակի թանգարանի»,-ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ, Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության տվյալներով, Արցախի տարածքում ներկայումս գործում է 35 հյուրանոց։ Միևնույն ժամանակ, Արցախ այցելելը հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ, որը տրամադրվում է մի շարք պետական հարթակների միջոցով։ Մասնավոր մեքենայով ուղևորությունների թույլտվության ժամկետը սահմանվել է հինգ օր։ Անձնական ավտոմեքենայով մեկնելը հնարավոր է միայն որոշակի հաստատված ուղղություններով։ 2025 թվականի հուլիսի 23-ից օտարերկրյա քաղաքացիներին ևս թույլատրվել է համապատասխան թույլտվություն ստանալով այցելել Արցախ։
«Մեր ճանապարհը դեպի Ղարաբաղ» պետական հարթակում ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին տարածաշրջան այցելել է ընդհանուր 2 միլիոն 549 հազար 857 մարդ։ Այցելությունների քանակով առաջատար են եղել Շուշին, Լաչինը և Ստեփանակերտը։
«2021-ից ադրբեջանական կողմը Արցախի օկուպացված որոշ տարածքներ ներառում է Ադրբեջանի զբոսաշրջային ուղղությունների մեջ։ Կազմակերպվող այցելությունները կրում են քարոզչական բնույթ։ Ադրբեջանական զբոսաշրջային ռազմավարության հիմքում ընկած նարատիվը կառուցված է պարզ տրամաբանության վրա․ մինչ «ազատագրումը» տարածքը ներկայացվում է որպես դատարկ, հետամնաց կամ անկենսունակ, իսկ դրանից հետո՝ որպես զարգացող, բաց ներդրումների համար, միջազգային միջոցառումներ հյուրընկալող տարածաշրջան։ Այս հակադրությունը ծառայում է մեկ հիմնական նպատակին՝ ստեղծել այն տպավորությունը, թե իրական զարգացումը հնարավոր է դարձել միայն այն պահից, երբ հայերն այլևս այդ տարածքում չեն»,- գրում է կայքը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։