Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Պետրոս Ղազարյանի

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանի։

«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Սաթիկ Սեյրանյանը հայցադիմումով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Պետրոս Ղազարյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։

Սաթիկ Սեյրանյանը պահանջում է պարտավորեցնել Պետրոս Էդիկի Ղազարյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Petros Ghazaryan» էջի միջոցով բոլորին հասանելի եղանակով հրապարակայնորեն հերքել 14.01.2026թ-ին, ժամը 16:57-ին կատարված հրապարակման մեջ տեղ գտած, իրականությանը չհամապատասխանող, հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները (Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են /…/ Սաթիկ Սեյրանյանը /…/, – /…/ նրա սանջակ 24 նյուզը /…/,- /…/ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա/…/,- /…/ Վստահ եմ նրանք ուրախ կլինեին, եթե այդ սպառնալիքը իրականանար/…/։) և որպես հետևանք պարտավորեցնել Պետրոս Էդիկի Ղազարյանին իր էջում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով, «Հերքում» խորագրի ներքո հրապարակել հերքման տեքստ։ Պետրոս Էդիկի Ղազարյանից հօգուտ Սաթիկ Գերասիմի Սեյրանյանի բռնագանձել 1 000 000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Գործը դատարան է ստացվել փետրվարի 13-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։

ՀԻշեցենենք, որ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են Հայկ Դեմոյանը, Սաթիկ Սեյրանյանը, նրա սանջակ 24 նյուզը, Միկա Բադալյանը, Անժելա Թովմասյանը, Հրանտ Բագրատյանը։ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա։

Վստահ եմ նրանք ուրախ կլինեին, եթե այդ սպառնալիքը իրականանար։ Իսկ հիմա նրանք լծվելու են Թրիփի դեմ»։

Leave a Comment