Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը։ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական դրության և արտակարգ իրավիճակների ժամանակ պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու ռեժիմի կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ։
Նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակներում, հատկապես ռազմական դրության պայմաններում, ռազմական տեխնիկայի և զորքի անխափան, անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան լիազորող նորմեր, որոնց հիման վրա կմշակվեն ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման և երթևեկության կազմակերպման իրավակարգավորումներ, որոնք կներառեն, պաշտպանական նշանակություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման, դրանց անվտանգության ապահովման, ռազմական դրության պայմաններում երևեկության առաջնահերթությունների, սահմանափակումերի կարգավորման մեխանիզներ։ Այս մասին նշվում է նախագծի հիմնավորման մեջ։
Կարգավորման նպատակը և բնույթը․
Օրենքով առաջարկվում է լրացումներ կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում, որով նախատեսվում է՝
- սահմանել պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հասկացությունը, ինչպես նաև պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը հաստատելու իրավասություն վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
- լիազորել ՀՀ կառավարությանը հաստատելու պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը․
- հստակեցվել են հաղորդակցուղիների տեղադրման և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման և ծառայությունների մատուցման պայմանագրերի հետ կապված մի շարք դրույթներ
- սահմանել օրենքի տեսանկյունից «բնակավայր» հասկացության սահմանումը, հաշվի առնելով, որ ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատումների թույլտվության տրամադրումը բնակավայրի միջոցա անցնող և բնակավայրից դուրս հատվածներում իրականացվում է տարբեր պայմաններով․
- սահմանվել են ամբողջ ճանապարհային ցանցի ճանապարհային անվտանգության գնահատման հասկացությունը և դրա իրականացման պահանջները․
- հստակեցվել են ճանապարհային անվտանգության աուդիտը կազմակերպության կողմից իրականացնելու պահանջները, ինչպես նաև երկարաձգվել է աուդիտի իրականացման ժամկետը՝ հաշվի առնելով, որ Ճանապարհյին անվտանգության իրականացման կարգը և աուդիտորների որակավորման պահանջները հաստատող ՀՀ կառավարության որոշումը դեռևս գտնվում է ՀՀ կառավարության կողմից քննարկման փուլում։ Նշենք նաև, որ հիշյալ որոշման նախագծի ընդունման արդյունքում պետք է իրականացվի ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորման գործընթացը և հետո միայն հնարավոր կլինի գնումների մասին օրենսդրությանը համապատասխան իրականացվի աուդիտորական ծառայությունների գնման գործընթաց․
- սահմանվել է նաև ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ին N 113-Ն որոշմամբ ընդունված Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային գծանշման համարները, պատկերները, չափերն ու գույնը, ճանապարհային ցանկապատներին, ուղղորդ սարքվածքներին, արհեստական անհարթություններին, աղմկոտ գոտիներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները հաստատելու վերաբերյալ լիազորող նորմը։
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից:
Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում մի շարք ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներ կդասվեն որպես պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, ՀՀ կառավարության որոշմամբ կհաստատվի պաշտպանական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկը։ Կսահմանվեն նաև Օրենքի մի շարք դրույթներ՝ կապված ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգության կառավարման հետ։
Օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու բարձր պատրաստվածություն» թիրախային արդյունքների, «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ (ըստ մասնագիտական գնահատականի)» ցուցանիշներից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառման իրականացման ահրաժեշտությունուից։