Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության ոլորտում նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը մտնի գործնական փուլ․ «РИА Новости»-ին ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Երկուշաբթի Հայաստան կատարած այցից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստան կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ՝ միջուկային էներգիայի մասին համաձայնագրի շրջանակում։
«Ինչպես հայտնի է, Հայաստանը սեյսմիկ ակտիվ տարածաշրջան է։ Խորհրդային ինժեներների կողմից Հայկական ատոմակայանի կառուցման ժամանակ օգտագործված եզակի հիմքով տեխնոլոգիան թույլ տվեց նրան հաջողությամբ դիմակայել 1988 թվականի ավերիչ երկրաշարժին, մեկ էներգաբլոկը գործում է մինչ այսօր․․․ Եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումն անցնի գործնական փուլ, մենք, ինչպես տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները, և հենց Հայաստանի ժողովուրդը, ստիպված կլինենք դիտարկել միջուկային անվտանգության ոլորտի այս նոր ռիսկերը»,- ասել է Շոյգուն։