Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով:
Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ բավականությամբ և հպարտությամբ է բարձրացել պատվո հարթակին. «Պայքարն ավելի է դժվարանում. ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ներդնենք, որպեսզի ոսկե մեդալները միշտ բերենք Հայաստան։ Չենք հանգստացել Օլիմպիական խաղերից հետո. շարունակել ենք մարզվել: Սա իմ առավելագույնը չէր, բայց ինչքան, որ այդ պահին ինձ անհրաժեշտ էր, կարողացա բարձրացնել»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը մրցավայրից էր հետևում հայ ծանրորդների մրցելույթներին, ընդգծել է՝ Լալայանը դժվարին պայքարում ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. «Պատմության մեջ առաջին անգամ մենք ծանրամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս․ սպորտային տարվա լավ եզրափակում էր: Վարազդատն ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: