Իտալիայի դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ կարևորելով բնապահպանության և կայուն զարգացման ուղղություններով համագործակցության խորացումը։

Անդրադարձ է կատարվել 2021 թվականին ստորագրված՝ կայուն զարգացման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրին, որը հիմք է ստեղծում համատեղ նախաձեռնությունների իրականացման համար՝ կլիմայի դիմակայունության բարձրացում, ռիսկերի գնահատում և աղետների կառավարման համակարգերի բարելավում, կենսաբազմազանության պահպանություն, անտառների և ջրային ռեսուրսների կայուն կառավարում, թափոնների արդյունավետ կառավարում և շրջանաձև տնտեսության զարգացում։

Քննարկվել է նախարարի գլխավորած ՀՀ պատվիրակության մասնակցությանը 2025 թվականին Հռոմում կայացած «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) վերաբացված նիստին, որի ընթացքում ձեռք են բերվել կարևոր համաձայնություններ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջընթացը չափելու ցուցիչների ամբողջական փաթեթի շուրջ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներին։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է փետրվարի 16-19-ը Հռոմում կայանալիք SBI-6 նիստի շրջանակում նախատեսվող՝ «Taking Action for Nature» և «Agrifood systems taking action for nature» խորագրերով բարձր մակարդակի միջոցառումները։

Վերջում անդրադարձ է կատարվել համագործակցության մի շարք հեռանկարային ուղղությունների՝ դիտարկելով Իտալիայի փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների ընդլայնման հնարավորությունները։

Leave a Comment