Սահմանվեցին օդի աղտոտվածության կրիտիկական շեմեր

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը: Հիմնավորման համաձայն՝ իրավական դաշտում բացակայում են նորմեր, որոնք կարգավորում են մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցությունը բնական էկոհամակարգերի, բուսականության և հողի քիմիական կայունության վրա, ինչպես նաև բացակայում են դրանց չափման, գնահատման և ռիսկերի կառավարման իրավական մեխանիզմները։ Կարգով սահմանվում են մթնոլորտային օդում առկա աղտոտիչների՝ հատկապես ծծմբի և ազոտի միացությունների, ազդեցության գնահատման սկզբունքներն ու մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով դրանց կողմից առաջացվող՝ հողի թթվայնացում, ջրային էկոհամակարգերի էվտրոֆացման, բուսականության վնասում, կենսաբազմազանության նվազում։ Որոշումը ներառում է՝ աղտոտող (վնասակար) նյութերի կրիտիկական մակարդակների սահմանում՝ համաձայն ICP Vegetation և համապատասխան ԵՄ ուղեցույցների, էկոհամակարգերի կրիտիկական բեռնվածության հաշվարկման մեթոդաբանություն՝ հիմնված ICP Modelling and Mapping և պարզ զանգվածային հաշվեկշռի SMB (Simple Mass Balance) մոտեցումների վրա, ազդեցությունների գնահատման և ռիսկերի վերլուծության չափորոշիչներ, տարածական քարտեզագրման և մոնիթորինգի պահանջներ՝ համապատասխան EMEP/UNECE պահանջներին։ Արդյունքում՝ ակնկալվում է իրականացնել բնական էկոհամակարգերի գիտականորեն հիմնավորված գնահատում, հայտնաբերել ռիսկային և առավել զգայուն տարածքները,հիմք ստեղծել աղտոտիչների արտանետումների կառավարելի քաղաքականության մշակման համար, ապահովել միջազգային պարտավորությունների կատարում և տվյալների համադրելիություն։

Գործադիրը հաստատել է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվների ռեեստրի ստեղծման և կառավարման համակարգի ներդրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդնել ՏՏ ակտիվների կառավարման ապակենտրոնացված ռեեստր, որը կապահովի «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի իմաստով հանրային հատվածի կազմակերպություններում և հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերություններում օգտագործվող ՏՏ ռեսուրսների ամբողջական հաշվառում և վերահսկում։ Ռեեստրի ներդրումը կհանդիսանա հիմք ՏՏ ակտիվների կառավարման միասնական մոտեցման ձևավորման, շահագործման կառուցվածքի հստակեցման, պատասխանատվության բաշխման, ինչպես նաև ռիսկերի գնահատման և տեղեկատվական ու կիբեռանվտանգության ռիսկերի նվազեցման համար։ Այն կնպաստի հաշվետվողականության մշակույթի ձևավորմանը՝ ապահովելով գործընթացների թափանցիկություն, վերահսկելիություն և կառավարման համակարգվածություն։ Ռեեստրում գրանցվող ակտիվները կդասակարգվեն տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության պահանջների հիման վրա՝ համաձայն միջազգային ստանդարտների, մասնավորապես՝ ISO/IEC 27001 ստանդարտի դրույթների։

Leave a Comment