
Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը, և սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորում է պետական կառույցների կողմից, առավել ևս արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ օրհներգի կատարման կարգը նոր խմբագրությամբ շարադրելու որոշման նախագիծը։
Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է»,- ասաց նա:
Նախարարն ուշադրություն հրավիրեց նաև ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգին, քանի որ օրենքում արդեն իսկ սահմանվում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգը պետք է հնչի:
«Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, որոնք ներգրավված են»,- ասաց նա՝ հավելելով, որ օրհներգի տարբերակները հրապարակված են Կառավարության կայքում, «Հայաստան» բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները:
Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ բոլոր միջոցառումներին, որտեղ պետք է հնչի ՀՀ օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ:
«Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր և երգչախմբեր, որպեսզի դա կատարեն»,- ասաց նա: