Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը և սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորում է պետական կառույցների կողմից, առավել ևս արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12–ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ օրհներգի կատարման կարգը նոր խմբագրությամբ շարադրելու որոշման նախագիծը։
Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է»,- ասաց նա:
Նախարարն ուշադրություն հրավիրեց նաև ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, քանի որ օրենքում արդեն իսկ սահմանվում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգ պետք է հնչի:
«Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են»,- ասաց նա՝ հավելելով, որ օրհներգի տարբերակները հրապարակված են Կառավարության կայքում, «Հայաստան» բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները:
Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած: