Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում նոր մոդուլային ատոմակայան կառուցելու 9 միլիարդ դոլարի համաձայնագիրը, որը փետրվարի 9-ին ստորագրվել էր Երևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից։
Նրա խոսքով՝ ներկայացված համաձայնագրերը չեն կազմում «ամերիկյան ներդրումներ» Հայաստանում։
«Իրականում՝ պարզվում է, որ այս ամենի համար վճարելու է Երևանը»,- նշել է նա։
Զախարովան նաև կասկածի տակ է դրել նախագծի տեխնոլոգիական կողմերը՝ նշելով, որ ԱՄՆ-ում նմանատիպ փոքր մոդուլային ատոմակայանի նախագիծը սառեցվել էր 2024 թվականին, և նման ռեակտորներ դեռևս շահագործման չեն հանձնվել։
Արտաքին գործերի նախարարության խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ հանդիսացել է Հայաստանի գործընկերն ատոմային արդյունաբերության ոլորտում՝ մասնակցելով Հայկական ատոմակայանի շահագործմանը և շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ջանքերին, և հետագա համագործակցության վերաբերյալ ռուսական առաջարկները «մնում են սեղանին»։
Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվել էր երկու երկրների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին հայտարարություն։
