Փրկարարների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանող որոշումն ուժը կորցրած կճանաչվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված ՀՀ կառավարության 2019 թվականի 5-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է  ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման 1․1-ին կետը։

Փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման 1․1-ին կետով հաստատված N 2 հավելվածով։

Ցանկը ներառում է՝

  • 1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 – F09)
  • 2. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 – F29)
  • 3. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 – F39)
  • 4. Սովորույթի և հակումների խանգարումներ (F63)
  • 5. Մտավոր հետամնացություն (F70 – F79)
  • 6. Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10- F19)
  • 7. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15)

«Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-319-Ն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փրկարարական ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշման 1․1-ին կետը, որի N 2 հավելվածով սահմանվում է փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Leave a Comment