Աշխատանքային պայմանագրերի թվայնացում և առողջության ապահովագրություն․ Հանրայինի և մասնավորի ներկայացուցիչները քննարկում են ներդրված նոր կարգավորումները

Փետրվարի 10-ին անցկացվեց «State&business Bridge» միջոցառումը, որի շրջանակներում պետական կառույցների ներկայացուցիչները ԱՏՁՄ ՀԿ-ի  և Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատ ՀԿ-ի  ներկայացուցիչները քննարկեցին վերջերս ներդրված աշխատանքային պայմանագրերի թվայնացման և առողջության ապահովագրության համակարգերի ընթացիկ կարգավորումները։

Գործադիր մարմնից մասնավորի հարցերին պատասխանում էին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, Առողջապահության նախարարի խորհրդական Արմեն Նավասարդյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանը:

Ներկաները վեր են հանել  ոլորտի ռազմավարական ուղղությունները՝ օրենսդրական բարեփոխումները, միջազգային փորձի ներդրում՝ շեշտադրելով մասնավոր հատվածի ակտիվ մասնակցության և պետություն-մասնավոր համագործակցության կարևորությունը։ Միջոցառումը կազմակերպվել էր  նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ և շարունակական երկխոսություն բիզնես ոլորտի ներկայացուցիչների և գործադիր իշխանության մարմինների միջև։

ԱԺ փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանը ընդգծեց, որ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը աննախադեպ քայլ է։ Նա նշեց, որ այս պահին ապահովագրության համակարգը ունի 1մլն 593 հազար շահառու, գրանցվել է շուրջ 360 հազար ապահովագրության դեպք, որից 45 տոկոսը 65+ տարիքի անձինք են։ Ընդգծեց համակարգի կարևորությունը, պակաս եկամուտներ ունեցող անձանց բժշկական ծառայությունները հասանելի դարձնելու տեսակետից։

Աշխատանքային պայմանագրերի թվայնացմանը վերաբերելի հարցերի շրջանակը քննարկման արդյունքում ևս մեկ անգամ ընդգծվեց դրա կարևորությունը։

Նշենք, որ հունվարի մեկից աշխատանքային պայմանագրերը կնքվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով, աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտել տարվա սկզբից։

Այս շրջանում ID քարտ ձեռք բերելու բավական հերթեր են, օրինակ այսօր արդեն գրանցվում են հունիս֊հուլիս ամիսներին, այդ իսկ պատճառով քննարկվում է նշված ժամկետների հետաձգման հարցը։

Ներկա կարգավորումների համաձայն ցանկացած փոփոխություն, որ կատարվելու է աշխատանքային պայմանագրում պետք է կատարվի համաձայնագրի միջոցով(ոչ էական պայմանի դեպքում), էական պայմանի դեպքում՝ նախ պետք է ծանուցել և հիմնավորել փոփոխության պատճառը, ապա համակարգի մեջ ստեղծել համաձայնագիր։ Բացառությամբ աշխատավարձի բարձրացման, բոլոր համաձայնագրերը ուժի մեջ են մտնում հաջորդ օրվանից։

Անդրադառնալով թվային աշխատանքային պայմանագրերի հետ կապված իրականացվող վարչարարությանը  ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանը նշեց, որ այս առումով փոփոխություն չի կատարվել։

Ներկաները քննարկման երկրորդ հատվածում անդրադարձան առողջապահության ապահովագրությանը։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրեց ներկյումս գործող ընթացակարգը, ապա պատասխանեց ներկաների հարցերին։ Նրա խոսքով՝ ներկայումս ծառայությունները ստանալու երեք հիմնական ճանապար կա․ առաջինը՝ պլանային խնդրի առկայությունն է, այս պարագայում պետք է դիմել պոլիկլինիկա կամ ամբուլատորիա։  Երկրորդ դեպքը շտապօգնության կանչն է և երրորդ պարագայում երբ անձը անհետաձգելի պարագայում ինքնուրույն դիմում է բուժհաստատություն։

Միջոցառումը համագործակցային բաց հարթակ էր, որի ընթացքում հանրային ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ ներկայացնել կատարված փոփոխությունները, իսկ մասնավոր ոլորտը ստացավ իր հարցերի պատասխանները։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment