
«Մեդիամաքս»-ը գրում է.
«Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները, որի ընթացքում հատուկ ուշադրություն էր դարձրել երեք հարցի՝ խտրականության կանխարգելմանը, կանանց նկատմամբ բռնությանը և «Հայաստան տեղահանված ղարաբաղցի հայերի իրավունքներին»։
Մայքլ Օ’Ֆլահերթիի զեկույցում, մասնավորապես, ասվում է.
«Հանձնակատարը նշել է Հայաստանի բացառիկ համերաշխությունը և գործնական աջակցությունը Հայաստան տեղահանված ղարաբաղցի հայերին։ Արտակարգ օգնության՝ կացարանի, սոցիալական ծառայությունների, ֆինանսական աջակցության և կրթական հնարավորությունների արագ մոբիլիզացումը արտացոլում է Հայաստանի հյուրընկալ վերաբերմունքը։ Մինչ երկիրն անցում է կատարում արտակարգ օգնությունից դեպի երկարաժամկետ ինտեգրում, Հանձնակատարն ընդգծում է առաջիկա մարտահրավերները՝ տնտեսական ինտեգրման ապահովումը, բնակարանային հնարավորությունների բարելավումը, անձը հաստատող և կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնումը և քաղաքացիության ապահովումը։
Հանձնակատարը ողջունում է իշխանությունների կողմից այդ խնդիրների ճանաչումը և աջակցության ծրագրերն առավել ներառական դարձնելու շարունակական ջանքերը՝ առաջնահերթություն տալով առավել խոցելի խմբերին։ Նա հորդորում է ՀՀ իշխանություններին ընդունել ինտեգրման համապարփակ և ռեսուրսներով ապահովված ռազմավարություն՝ տեղահանված անձանց, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների մասնակցությամբ։
Հանձնակատարը նաև հիշեցնում է, որ կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը առանցքային է մնում է ղարաբաղցի հայերի համար, և կոչ է անում իշխանություններին ապահովել, որ տեղահանված անձինք լինեն լիարժեք տեղեկացված և աջակցություն ստանան՝ իրենց ապագայի վերաբերյալ ազատ որոշումներ կայացնելու համար։ Նա ընդունում է այս հարցի զգայունությունը շարունակվող խաղաղության գործընթացի համատեքստում և կոչ է անում շարունակել ջանքերը՝ ուղղված բոլոր տեղահանված անձանց իրավունքների հարգմանը և կարիքների բավարարմանը։
Ինտեգրման հաջողված ռազմավարությունը պետք է ներառական և համապարփակ լինի։ Չափազանց կարևոր է, որ առավել խոցելիները, այդ թվում՝ երեխաները, տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք, ուշադրությունից զրկված չմնան: Դա պահանջում է ռեսուրսներով ապահովված ռազմավարություն՝ մշակված քաղաքացիական հասարակության հետ գործընկերությամբ, որը կերաշխավորի ոչ միայն կացարան և աշխատանք, այլև յուրաքանչյուր անհատի՝ իր ապագայի ազատ և գիտակցված ընտրության իրավունքը»»։