Առաջարկվում է Հայաստանում արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը

2027-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականցման վայրերում,  շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառներում, բացօթյա առևտրի իրականացման դեպքերում արգելվելու է պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Համապատասխան նախագիծը քննարկվում է Ազգային ժողովում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և  լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս նաև նշեց, որ կան մի քանի բացառություններ. կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի, կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների։

Իրավախախտումների վերահսկողությունը վերապահվել է ՏԻՄ-երին և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին համատեղ։

Ըստ նախագածի. «Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների, սպասքի, խահանոցային ու կենցաղային այլ պարագաների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Շրջակա միջավայր արտանետված մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթները և պլաստիկ սպասքը երկար ժամանակ պահպանվում են, չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով առաջացնում են կայուն աղտոտվածություն: Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների ու  պլաստիկ սպասքի օգտագործման ժամանակահատվածը  շատ կարճ է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով, մեկանգամյա օգտագործման պլաստիկ այլ արտադրանքով ու դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները,  հանգստավայրերն եւ զբոսաշրջության վայրերը: Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի ողջ ծավալն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և, նույնիսկ աղբավայրերում, դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ արեւի ազդեցությամբ եւ ինքնայրման հետեւանքով արտազատելով քաղցկեղածին դիօքսին եւ ֆուրան գազեր:

Մանրածախ առևտրի կետերում մեկանգամյա օտագործման պլաստիկ կամ փրփրապլաստե տարաները (տուփերը, կոնտեյներները) հաճախ օգտագործվում են այնպիսի ապրանքների փաթեթավորման համար, որոնք կամ արդեն իսկ ունեն գործարանային փաթեթավորում, կամ չունեն փաթեթավորման կարիք (որոշ ապրանքներ ունեն բնական պաշտպանիչ թաղանթ): Նման դեպքերը կրում են զանգվածային բնույթ և անհարկի ավելացնում են պլաստիկ թափոնների քանակը

Նշված կարգավորումն առաջին օրենսդրական քայլն էր մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատման և սահմանափակման ուղղությամբ: Հանրապետությունում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների, սպասքի և մեկանգամյա այլ պլաստիկ արտադրանքի կիրառումը էականորեն կրճատելու, առաջացած բնապահպանական խնդիրներ հնարավորինս մեղմելու գործընթացը շարունակական է: Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ապրանքաշրջանառության և հասույթի կտրուկ նվազում թույլ չտալու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման արդյունավետ կազմակերպմանը հնարավորինս չխոչընդոտելու համար նպատակահարմար համարվեց առաջին քայլով սահմանափակել թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստություն ունեցող պարկերի ու տոպրակների գործածությունը: Հատվածային մոտեցմամբ (մինչև 50 միկրոն) օրենսդրական կարգավորումը նպատակ ուներ արտադրողներին հնարավորություն ընձեռել վերապրոֆիլավորվելու և ինտեգրվելու նոր պահանջներին:

Այդ նպատակով, հաշվի առնելով թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող տոպրակների ու պարկերի՝ բազմակի օգտագործման հնարավորությունը, նախատեսվում էր ժամանակավորապես չսահմանափակել դրանց գործածությունը: Անհրաժեշտ էր նաև որոշակի ժամանակ՝ երկրում շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ կենսաքայքայվող փաթեթվածքի, ինչպես նաև բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների՝ բավարար քանակությամբ արտադրության կամ ներկրման ծավալների աճի համար»։ 

Առաջարկվում է՝ մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարման արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, ինչպես նաև աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրված պարկերի), մեկանգամյա օգտագործման պլաստիկ (այդ թվում՝ փրփրապլաստից պատրաստված) արտադրանք հանդիսացող տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների),  ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների  վրա։ 

Leave a Comment