Գրենլանդիայի շուրջ սկանդալից հետո եվրոպացիների մոտեցումը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում կտրուկ փոխվել է․ տեղի է ունենում «մտածելակերպի վերակառուցում», իսկ բացասական տրամադրությունները տարբեր երկրներում միայն խորանում են։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով եվրոպական համայնքի ներկայացուցչի խոսքին։
«Մենք հարկադրված ենք ավելի ագրեսիվ մոտեցում ցուցաբերել ամերիկյան վարչակազմի հետ հարաբերություններում»,- ասել է նա պարբերականին։ Նրա խոսքով՝ եվրոպացիները հասկանում են, որ ամերիկացիները ավելի հաճախ են Եվրոպային դիտարկում ոչ թե որպես դաշնակից, այլ որպես մրցակից։
«Ամեն ինչ ամբողջությամբ փոխվել է այն ժամանակների համեմատ, երբ մենք համագործակցում էինք․ այժմ մենք ներգրավված ենք առաջնորդության համար պայքարի մեջ»,-հավելել է պետական ծառայողը։
Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների ֆոնին երկկողմ հարաբերությունների սրմանը նպաստել է նաև Վաշինգտոնի հռետորաբանությունը, որը նսեմացնում է արևմտաեվրոպական երկրների դերը Աֆղանստանում իրականացված ռազմական արշավում, ինչպես նաև մի շարք այլ քայլեր, ասվում է հրապարակման մեջ։