Էլեկտրոնային առեւտրի կառավարելիության ապահովմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրված ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությամբ» նախատեսվում է կարգավորել երրորդ երկրներից էլեկտրոնային առեւտրի հետ կապված հարաբերությունները: Նշված հավելվածի ընդունման նպատակն է ապահովել էլեկտրոնային առեւտրի կառավարելիությունը՝ էլեկտրոնային ապրանքների օպերատորների կողմից մաքսային հայտարարագրերի ներկայացման միջոցով:

Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ՀՀ ԱԺ փետրվարի 10-ի հերթական նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին: Մասնավորապես, ԵԱՏՄ շրջանակում նախատեսվում է սահմանել էլեկտրոնային առեւտրի ապրանքների հասկացությունը, ներմուծման եւ արտահանման ժամանակ իրականացվող մաքսային գործառնությունների կարգի առանձնահատկությունները, հայտարարագրի պարզեցրած ձեւը, ինչպես նաեւ ստեղծել էլեկտրոնային առեւտրի օպերատորի ինստիտուտը:

Համլետ Սահակյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Leave a Comment