ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները համատեղ հայտարարություն են ստորագրել քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ:
Միջուկային համաձայնագիրն ազդարարում է Վաշինգտոնի մտադրությունը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը վերածել Երևանի համար իրական տնտեսական և էներգետիկ դիվիդենտների՝ ամրապնդելով Հայաստանի դիվերսիֆիկացիան դեպի Արևմուտք՝ Ռուսաստանից և Իրանից հեռու․ գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։
Միջուկային համագործակցությունը ենթակառուցվածքների, առևտրի և տեխնոլոգիաների վերաբերյալ ավելի լայն քննարկումների հետ համատեղելով՝ Միացյալ Նահանգները նպատակ ունի Հայաստանը դարձնելու տարածաշրջանային կապի և կայունության կարևոր հենասյուն՝ կապված հետկոնֆլիկտային կարգի հետ: Այդպիսով՝ Վաշինգտոնը, կարծես, խաղադրույք է կատարում, որ տեսանելի տնտեսական ձեռքբերումները կարող են ամրապնդել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքը հայ ընտրողների առաջ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ և օգնել պահպանել հանրային աջակցությունը խաղաղության գործընթացին: Եթե այս նախագծերն առաջ մղվեն, դրանք, հավանաբար, կխորացնեն ԱՄՆ ազդեցությունը Հայաստանում և ավելի ամուր կներդնեն խաղաղության շրջանակը Հայաստանի ներքին քաղաքական հաշվարկներում։
Հայաստանը երկար ժամանակ կախված է եղել Ռուսաստանից և Իրանից էներգիայի հարցում և վերանայում է բազմաթիվ օտարերկրյա ընկերությունների առաջարկները՝ փոխարինելու ՌԴ-ի օգնությամբ կառուցված իր միակ միջուկային ռեակտորը, ինչն ԱՄՆ-ի մուտքը ոլորտ դարձնում է ռազմավարական փոփոխություն։ Վենսի այցը հաջորդում է ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագրին և տեղի է ունենում «Թրամփի երթուղին» առաջ մղելու ջանքերի ֆոնին։