Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ եթե ուրիշի գույքի հափշտակությունը կատարվել է համակարգչային համակարգն ըստ նպատակային նշանակության օգտագործմամբ՝ համակարգչային տվյալն ապօրինի մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու կամ այլ եղանակով ներգործելու միջոցով, ապա արարքը ենթակա է որակման որպես համակարգչային հափշտակություն։ Այլ կերպ՝ համակարգչային հափշտակության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հափշտակությունը հնարավոր չէ իրականացնել առանց համապատասխան համակարգչային տվյալն օգտագործելու, առանց ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածով նախատեսված եղանակներով համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի վրա ներգործելու և համակարգչային ծրագրում առկա տվյալներին հասանելիություն ստանալու։
Մինչդեռ, եթե անձը համակարգչային համակարգը օգտագործել է ոչ թե ըստ նպատակային նշանակության, այլ ոչնչացրել կամ վնասել է այն՝ դրանում գտնվող նյութական արժեքներին տիրանալու նպատակով (օրինակ` կոտրել է բանկոմատը), ապա արարքը ենթակա է որակման որպես տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կատարված գողություն։