Բրազիլիան չի պատրաստվում ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև. Լուլա դա Սիլվա

Բրազիլիան մտադիր չէ կանգնել ԱՄՆ-ի կամ Չինաստանի կողմը և արտաքին քաղաքականության մեջ կղեկավարվի բացառապես սեփական ազգային շահերով, հայտարարել է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։

«Ես չեմ ընտրում Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև, ես ընտրում եմ այն, ինչ լավագույնն է մեր երկրի համար»,- ասել է Լուլան՝ ելույթ ունենալով Բուտանտանի ինստիտուտում։ Նրա խոսքը հեռարձակվել է նախագահի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերում։

Քաղաքական գործչի խոսքով՝ Բրազիլիան մերժում է միջազգային հարաբերություններում միակողմանի գերիշխանության տրամաբանությունը և չի ձգտում առավելություն ձեռք բերել այլ պետությունների նկատմամբ։ Նախագահը շեշտել է, որ իր երկիրը հետաքրքրված չէ ոչ տարածաշրջանային, ոչ էլ գլոբալ հեգեմոնիայով։

Լուլան նաև նշել է, որ խոշոր տերությունների հակամարտություններին և մրցակցությանը ավտոմատ կերպով միանալը չի բխում Բրազիլիայի շահերից, իսկ արտաքին քաղաքականության ոլորտում որոշումները պետք է ընդունվեն պրագմատիկ մոտեցումներով՝ ելնելով ազգային զարգացման օգտակարությունից։

Leave a Comment