ՌԴ-ն Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. Լավրով

ՌԴ-ն  Եվրասիական տարածքում անվտանգության ճարտարապետություն է ստեղծում. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ։

«Նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ աշխատում ենք Եվրասիական տարածքում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն ստեղծելու և լայն գործնական համագործակցություն զարգացնելու ուղղությամբ», – ասել է նա՝ Դիվանագետի օրվա առթիվ տեսաուղերձում։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ազնիվ միջազգային համագործակցությամբ, որը հիմնված է փոխըմբռնման, վստահության և բարեհարաբերության սկզբունքների վրա։

«Այս առումով առանձնահատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ պայմանավորվածությունների կնքմանը և իրականացմանը։ Դրանց թվում են Բելառուսի հետ անվտանգության երաշխիքների մասին մեր պայմանագիրը, ինչպես նաև ԿԺԴՀ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրերը», – ընդգծել է նախարարը։

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս կոչ են արել ձևավորել համընդհանուր եվրասիական հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետություն, որը կապահովի մայրցամաքում ռազմաքաղաքական իրավիճակի երկարաժամկետ կայունացում և տարածաշրջանի բոլոր պետությունների կայուն զարգացում։

Ինչպես պարզաբանել է Լավրովը՝ նման համակարգը կկանխեր ցանկացած նոր պատերազմ սկսելու փորձեր։

Leave a Comment