1872 թ. փետրվարի 9-ին Կարինում (ներկայումս՝ Էրզրում) ծնվել է Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), հայ քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, Նեմեսիս գործողության կազմակերպիչներից մեկը։
Արմեն Գարոն սովորել է Սանասարյան վարժարանում, 1894-ին մեկնել է Ֆրանսիայի Նանսի քաղաք և ուսանել գյուղատնտեսություն և քիմիա:
Իր ողջ կյանքի ընթացքում Արմեն Գարոն վճռական դեր է խաղացել ինքնապաշտպանական տարբեր շարժումներում այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Զեյթունը, Վանը և Թբիլիսին: Նա նաև խորապես ներգրավված է եղել հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված դիվանագիտական ջանքերում։ Նա ծառայել է որպես Օսմանյան կայսրության խորհրդարանում հայերի ներկայացուցիչ, եղել է բանագնաց Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հետ Ռուսաստանի հեղափոխությունից հետո, և հետագայում դարձել է Առաջին Հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում։
1895-ին, երբ սկսվում են համիդյան ջարդերը, ուսանողական մի քանի ընկերներով որոշում են օգնության հասնել հայրենակիցներին:
26 հայ ուսանողով որոշում են թողնել ուսումն ու մեկնել հայ ժողովրդի վրեժը լուծելու, սակայն արդյունքում մնում են ընդամենը չորսով. «Կեանքիս առաջին դասն էր որ առի այս առթիւ: Ժողովներ, ժողովներ, ապա պոռոտախօս ճառեր…Իսկ երբ կարգը եկաւ իրական գործի, բոլորն ալ մէկ-մէկ պատճառ բերին…»:
Նամակ են գրում ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ին ու հայտնում իրենց պատրաստակամությունն օգնության հասնել հայրենիքին: Պատասխան ստանալով՝ 4 ընկերով մեկնում են Ժնև, հանդիպում կուսակցության ներկայացուցիչներին, այսպես նա մտնում է հեղափոխական ասպարեզ: Նամակ է գրում ընտանիքին ու հայտնում, որ ուսումը թողել է հանուն վրեժխնդրության: Հարազատները սարսափում են ու տխրում:
Կուսակցության հանձնարարությամբ Փաստրմաճյանը Զեյթունի ինքնապաշտպանությանը զենքեր հասցնելու նպատակով մեկնում է նախ Եգիպտոս, ապա՝ Կիպրոս: Սակայն պաշարված Զեյթուն այդպես էլ չի կարողանում հասնել: ՀՅԴ-ից կանչում են Պոլիս, որտեղ Հրաչ Թիրեաքյանն ու Բաբկեն Սյունին արդեն ձեռնարկել էին բանկ Օտոմանի գրավումը: Գարոն մասնակցում է նախապատրաստության վերջին փուլի աշխատանքներին:
Արդեն Արմեն Գարո անունը ստացած` նա մինչև 25 տարեկան 10-12 ընկերների հետ սկսում է պատրաստել բանկի հարձակումը:
1896-ի օգոստոսին մտնում են բանկ ու 13 ժամով գրավում են Օսմանյան կայսրության գլխավոր դրամատունը, որտեղ պահվում էին նաև եվրոպացի պաշտոնյաների գումարները:
1896թ. օգոստոսին Բաբկեն Սյունիի (Պետրոս Փարյան) հետ կազմակերպել է միջազգային Օտոմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը: Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արևմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի:
Նրանք պահանջում էին, որ թուրքերը, եվրոպական երկրների միջնորդությամբ, դադարեցնեն կոտորածները, բարենորոգումներ անեն և ազատ արձակեն բոլոր հեղափոխականներին:
Արմեն Գարոյի խնդիրն էր բանկային ծառայողների և այցելուների փախուստի խոչընդոտումը: Բաբկեն Սյունու զոհվելուց հետո գլխավորել է խումբը: Օգոստոսի 27-ի առավոտյան խումբը եվրոպական երկրներից երաշխիքներ ստանալուց հետո երիտասարդները համաձայնում են դուրս գալ ու մեկնել Ֆրանսիա:
Այս դեպքերից հետո Արմեն Գարոն անցնում է Եվրոպա` ուսումը շարունակելու: Ֆրանսիայի արտգործնախարար Հոնեթիուն, սակայն հայտարարում է, որ այն մարդիկ, ովքեր կապ ունեն Օսմանյանն բանկի գրավման հետ պետք է հեռանան երկրից, ուստի Արմեն Գարոն այնտեղ 17 օր բանտում մնալուց հետո մեկնում է Շվեյցարիա, որտեղ շարունակում է ուսումը Ժնևի համալսարանում: Սովորելու հետ մեկտեղ շարունակում է իր գործունեությունը ՀՅԴ-ում: Չնայած երիտասարդ տարիքին Արմեն Գարոն ձեռք էր բերել հեղինակություն և վստահություն ՀՅԴ առաջատար շրջանակներում: 1900թ. նա ավարտում է ուսումը և ստանում բնագիտության և քիմիայի դոկտորի աստիճան: 1901թ. Արմեն Գարոն հիմնում է լաբորատորիա Թիֆլիսում` քիմիայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար:
1901-ին հաստատվել է Թիֆլիսում, որտեղ 1905-ին, հայ-թաթարական բախումների ժամանակ, ղեկավարել է հայերի ինքնապաշտպանությունը:

Թիֆլիս գալով նա ստանձնում է ազգային-եկեղեցական կալվածքների պաշտպանությունը ցարական բռնագրավման դեմ գործը, կազմում զինատար խմբեր, որոնք զենք են հասցնում սահմանի մյուս կողմը:
1905-ին սկսած հայ-թաթարական բախումների ժամանակ Թիֆլիսի հայության ինքնապաշտպանության կազմակերպումը ստանձնում է Գարոն:
Հայկական թաղամասի ինքնապաշտպանության հաջողությամբ կազմակերպումը ոգևորություն է տալիս Գարոյին, սակայն վրացիների կողմից հանձնվելու առաջարկը և հայերի կողմից այդ ամոթալի առաջարկն ընդունելը հունից հանում է նրան. «Ես թոյլ չեմ տար, որ այսպիսի խայտառակութիւն մը տեղի ունենայ: Մեր ազգային պատիւն է դրուած սեղանի վրայ»:
Գարոն հաղթում է և կարողանում հասնել նրան, որ ռուսները, վրացիները և թաթարները նահանջեն ու հայերը հասնեն վերջնական հաջողության:
Օսմանյան խորհրդարանի պատգամավոր
Օսմանյան Սահմանադրության հռչակումից հետո Գարոն մեկնում է հարազատ Կարին, ՀՅԴ-ն նրա թեկնածությունն է առաջադրում և վերջինս այդ շրջանից ընտրվում է խորհրդարանի պատգամավոր:
Խորհրդարանում նրա գլխավոր նպատակը Արևմտյան Հայաստանի տնտեսության վերականգնումն էր։ Նա ցանկանում էր հայկական նահանգներն ապահովել երկաթուղային ցանցով:
1910-ական թվականներից ու հատկապես 1911-ի Սալոնիկիում կայացած Երիտթուրքերի համագումարից հետո Գարոն գիտակցում է, թե ինչ հետևանքներ է ունենալու պանթյուրքական գաղափարախոսությունը: Իսկ երբ 1912-ին սկսվում է Բալկանյան պատերազմը, նա տեսնում է, որ Սահմանադրություն կոչվածը շատ խախուտ է և երիտթուրքերը հայերի հանդեպ համիդյան քաղաքականություն են տանելու:
Ակտիվ մասնակցում է Հայկական բարեփոխումների քննարկմանը և որպես ՀՅԴ պատվիրակ հանդիպում գեներալ-տեսուչներին, որոնք պետք է հսկեին բարեփոխումների իրականացումը։
«Եթե Եվրոպան վերահսկողություն հաստատի վիլայեթների նկատմամբ, ապա 300,000-400,000 հայեր կկոտորվեն, իսկ մուսուլման բնակչությունը կշատանա: Իմացեք, թե ձեր կուսակցությունն ինչ է անում»,- ՀՅԴ-ի անդամ Վարդգեսին 1914-ին ասել են Ջեմալն ու Սայիդ Հալիմը:
Սա իմանալով՝ Գարոն բացատրություն է պահանջում, իսկ երիտթուրքերը հավաստիացնում են, թե Ջեմալը դա ասել է առանց կառավարության իմացության:
1914-ին թուրք կառավարությունն արտաքին ճնշումների ներքո վերջապես թույլ է տալիս Վանի, Բիթլիսի, Կարինի, Սվազի, Խարբերդի և Տրապիզոնի նահանգներում
լինեն տեղական ինքնավար վարչություններ եվրոպացի քննիչների հսկողության տակ: Նշանակվում են նորվեգացի ու հոլանդացի քննիչներ:
Գարոն սկսում է աշխատել քննիչների հետ, որոնք մեծ վստահություն էին տածում նրա նկատմամբ, սակայն Թալեաթը «քաղաքական» պատճառով մերժում է Գարոյի թեկնածությունը այդ գործում:
Գալով Կովկաս՝ մեծ թափով լծվում է կամավորական խմբեր կազմելուն: Դառնում է Դրոյի օգնականը: Սպասում էր, որ ռուսական զորքի հետ կամավորական խմբերը կկարողանան հաղթել թուրքերին, վստահ էր, որ ազատագրելու են իր հարազատ Կարինը:
Սակայն նրա լավատեսությունն անցնում է, երբ տարածվում են զանգվածային կոտորածների լուրերը: Իմանում է նաև Փաստրմաճյան մեծ ընտանիքի նահատակությունը: Գարոն ցնցվում է, դառնում ինքնամփոփ:
Արմեն Գարոն նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան
1917-ին ազգային բյուրոյի որոշումով և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ մեկնում է ԱՄՆ ու լավ ընդունելության արժանանում Ամերիկայի կառավարության տարբեր գործիչների կողմից՝ նրանց ներկայացնելով հայերի վիճակը:
Հայաստանի Հանրապետության հռչակումը մեծ հույսեր է տալիս նրան, ժամանակակիցների վկայությամբ անվերապահորեն հավատում էր անկախության տևականությանը: Արմեն Գարոն նշանակվում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:
Նաև նրա ջանքերի շնորհիվ է ԱՄՆ-ը ճանաչում Հայաստանի անկախությունը:
Չնայած տեսած դաժանություններին, նա դառնում է այն անհատներից մեկը, որը համարձակվում է իր վրա վերցնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին մահապատժի ենթարկելու գործողության ղեկավարությունը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն թույլատրություն է տալիս «Հայրենիք»-ի խմբագիր Շահան Նաթալուն` որպես Միջին Արևելքի թղթակից, մեկնել Պոլիս։ Հենց այս երկուսն էլ կարճ ժամանակ անց դառնում են «Հատուկ գործ» կամ «Նեմեսիս» գործողության ղեկավարներից: Թերևս նրանք հասկացել էին, թե որքան միանման գաղափարներ ու նպատակներ ունեն և լծվել էին «Հատուկ գործ»-ը կյանքի կոչելու ծրագրին:
1919-ին Գարոն գտնվում էր Փարիզում և մասնակցում էր խաղաղության վեհաժողովին:

«Շատերուն համար ի՞նչ արժէք ունէր հայկական փոքրիկ հարցը, երբ համամարդկային հսկայ հարցերն էին դրուած սեղանին վրայ»:
Պատժել ցեղասպանության կազմակերպիչներին
Այդ «կարևոր գործը», որի մեջ ամբողջովին ընկղմված էր Գարոն, Երևանում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընթացող ՀՅԴ Ընդհանուր 9-րդ ժողովի փակ օրակարգում էր:
Երևանի 9-րդ ժողովում Գարոյի հույսը Բոստոնի ներկայացուցիչներն ու հատկապես իր աջ ձեռք Շահան Նաթալին էին, որոնք փակ դռների հետևում ներկայացնելու էին «Հատուկ գործ» ծրագիրը:
Այստեղ գերգաղտնի որոշում է կայացվում հայտնաբերել և պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրագործողներին: Արմեն Գարոն, Շահան Նաթալին և Ահարոն Սաչակլյանը դառնում են «Հատուկ գործ»-ի փաստացի ղեկավարները:
Հենց Գարոն էր վերահսկում գործողության ողջ ընթացքը, ընտրում վստահելի մարդկանց, ովքեր համալրում էի իրենց շարքերը:
«Նեմեսիս»-ի կարևոր հանդիպումներից մեկը

1920 թվականի հոկտեմբերին Սողոմոն Թեհլիրյանն ուղևորվում է ԱՄՆ: Բոստոնում նա այցելում է «Հայրենիք» թերթի խմբագրություն, հանդիպում հին ընկերոջը՝ Համո (Համազասպ) Բարաղամյանին, ծանոթանում այլ հայերի հետ:
Գարոյի հետ ծանոթությունը Թեհլիրյանին շատ հարցերի պատասխաններ է տալիս: Նա հասկանում է, որ Թալեաթին գտնելու և վերացնելու մղումներ միայն ինքը չէ, որ ունի:
Երբ Գարոն սկսում է պատմել Թալեաթի հետ իր վերջին հանդիպման մասին, բոլոր հավաքվածները և հատկապես Թեհլիրյանը մեծ ուշադրությամբ սկսում են լսել: Թեհլիրյանը գրում է, որ Գարոն կարծես ինքն իրեն դատապարտում էր ու շատ ընկվաճ տեսք ուներ: Սակայն հրաժեշտից առաջ ասում է.
«Անցեալը թողնենք, նայինք գալիքին: Շատ պիտի ուզէի աչքս ետևս չմեռնել, մեր այս ծանր օրերուն այդ ճիւաղի (Թալեաթի)մահը մեծագոյն մխիթարութիւնը պիտի ըլլար հայութեան համար…»:
Կարճ ժամանակ անց Թեհլիրյանը որպես ուսանող արդեն Բեռլինում էր ու նախապատրաստվում էր Թալեաթի մահապատժին:
Մահը
Երբ 1915թ. իրականացվում է Հայոց ցեղասպանությունը, Արմեն Գարոն շատ ծանր է տանում, ճնշվում, նրա առողջական վիճակը վատանում է: Հայաստանի անկախության կորստից հետո Արմեն Գարոյի առողջությունը վերջնականապես քայքայվում է: Կյանքի վերջին տարիներն ընկճված ու ֆիզիկապես հյուծված է լինում:
1922-ի հոկտեմբերին մեկնում է Ժնև կնոջ ու որդու մոտ: 1923-ի մարտի 23-ին 51 տարեկանում սրտի հիվանդությունից մեռնում է այնտեղ, որտեղ քառորդ դար առաջ սկսել էր իր հեղափոխականի կյանքը:
Նյութը պատրաստեց Ծովինար Մանուկյանը