Փետրվարի 5-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է ստացվել խոշոր չափի հափշտակություն կատարելու գործով։ Գործը մակագրվել է Լուսինե Սեփխանյանին։ Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Ա․Ա․-ի և Գ․Պ․-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում իր մյուս մտերիմ Տ․Ու․-ի կողմից վերջինիս ծանոթ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք. Բ.-ի նկատմամբ, 2025թ. մարտի 14-ին կատարել են կազմակերպած ավազակություն:
Բացի այդ, Գ․Մ․-ը նախնական համաձայնություն ձեռք բերելով Մ․Ա․-ի հետ, խմբի կազմում գողություն՝ գաղտնի հափշտակություն կատարելու վերաբերյալ, 2025 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, օգտվելով ՍՊԸ-ին պատկանող բժշկական կենտրոնի պահակի քնած լինելու և գլխավոր մուտքի դռներն ավտոմատ կերպով բացվելու հանգամանքներից, տեխնիկական միջոցների գործադրմամբ այնտեղից հափշտակել են խոշոր չափի՝ ընդհանուր 1.439.900 ՀՀ դրամ գումար, իսկ հափշտակված գումարը բաժանել միմյանց միջև:
Բացի այդ, Գ․Մ․-ն ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական համաձայնության գալով իր մտերիմ Ա․ Ն․-ի հետ, խմբի կազմում 2025 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 03:55-ի սահմաններում, Սպիտակ համայնքում գտնվող ՓԲ ընկերության շինության մուտքի դուռը շրջանցելով, պատուհանի բաց լինելու հանգամանքից օգտվելով, ապօրինի մուտք են գործել այնտեղ ու փոխլրացնելով միմյանց գործողությունները, երկուսով վերցրել են ԱՁ-ին պատկանող վճարային տերմինալը՝ 447.700 ՀՀ դրամ գումարով հանդերձ և դիմել փախուստի:
Նախկինում դատապարտված մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Գ․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝
1․ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
2․ 335-րդ հոդվածի 1-ին մասով։
3․ 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
4․ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերով։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։