
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը թեև մասնակցելու է 4 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին, սակայն հայտարարում է, որ ինքն անձամբ վարչապետի պաշտոնին չի հավակնում: Փոխարենը մեծահարուստ գործարարն արդեն վարչապետի մի քանի թեկնածու ունի:
«Վարչապետի պաշտոնին թեկնածու, իհարկե, ունեմ, մեկը տեղի երեքն ունեմ, մեկը մեկից գրագետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված», – հայտարարել է նա:
Թե ովքեր են նրանք, Ծառուկյանը հրաժարվել է առայժմ փակագծեր բացել՝ չցանկանալով նաև մանրամասնել, թե արդյոք նրանք նախկին, թե ներկա իշխանության մաս են կազմում. «Մենք պետք է մոռանանք նախկիններ, ներկաներ, խոսում ենք ապագայից, ապագայի վարչապետ է: Մեր երկրին պետք է ապագա, այնպես որ նախկինն ու նորը մոռանանք: Խոսենք ապագայի մասին»:
Իր նախընտրական ծրագրերի մասին ԲՀԿ 69-ամյա առաջնորդը նախընտրել է խոսել մի քանի տասնյակ երիտասարդների հետ հարցուպատասխանի ձևաչափով առանց լրագրողների: Հայտարարելով, որ ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, Ծառուկյանն առայժմ լռում է ձևաչափի մասին:
Կուսակցությունո՞վ, թե՞ դաշինքով կգնա ընտրություններին, ԲՀԿ առաջնորդն ասաց՝ մինչ այս պահը մտածված չի խոսել այդ մասին՝ առաջիկայում անակնկալներ խոստանալով. «Այսօր իմացեք՝ պարտադիր չէ՝ ԲՀԿ անդամ լինի, որ մեր հետ մասնակցի, հին ու նոր չկա, պետք է մարդիկ համախմբվեն, այս վիճակից դուրս գան:
Ես մոտ ժամանակներս ձևաչափը կներկայացնեմ, շատ գեղեցիկ, անակնկալներով, այնպես որ շատ չի մնացել: Կներկայացնեմ, բոլորն էլ թող տեսնեն, հանգստանան, տեսնեմ, թե դրանից հետո ինչ են ասելու»:
Մինչ ԲՀԿ առաջնորդը կհայտարարի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու ընտրություններին, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն օրերս «Ազատությանը» տեղեկացրեց, որ այս պահին քաղաքական կոնսոլիդացա է տեղի ունենում Ծառուկյանի շուրջ, և իր ուժն էլ նրա հետ է մասնակցելու ընտրություններին: