6 փետրվարի 2026 – 10:50 AMT
PanARMENIAN.Net – Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռը փաստացի դատապարտել է տարածաշրջանի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը դրսևորվել էր ԽՍՀՄ փլուզման գործընթացում: Այս մասին ասվում է միջազգային «Լազարևյան ակումբի» հայտարարության մեջ, որը հրապարակել է ակումբի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը:
Նշվում է, որ ադրբեջանական ռազմական դատարանը Բաքվում հրապարակել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի գրավման գործողության ընթացքում գերեվարված ԼՂՀ ղեկավարների դատավճիռները: ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման, նրանց իրավահաջորդ Արայիկ Հարությունյանը՝ ցմահ ազատազրկման: Մյուս բոլորը, բացի պետական նախարար Ռուբեն Վարդանյանից, որի գործը, հակառակ նրա պահանջի, առանձնացվել է առանձին վարույթ՝ 15 տարուց մինչև ցմահ ազատազրկում, գրում է Sputnik Արմենիան:
«Բաքվի այսպես կոչված արդարադատության մեղադրական նյութերը լի են առատ «անջատողականության», «ապօրինի զինված դիմադրության» և Ադրբեջանի օրենքների խախտման մասին բարձրագոչ արտահայտություններով, Ադրբեջանի, որի քաղաքացիներ մեղադրյալները երբեք չեն եղել:
Դա հաշվեհարդար էր, դատաներկայացում, ոչ թե դատ։ Տեղի ունեցածի համատեքստում աշխարհի նույնիսկ ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու են հայերը ստիպված եղել մինչև վերջին մարդը լքել իրենց հողը, տները, գերեզմանոցներն ու եկեղեցիները օկուպացված Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է հայտարարության մեջ։
Ակումբը ուշադրություն է հրավիրել նաև «զարմանալի զուգադիպության» վրա, ըստ որի՝ դատավճիռների հրապարակումը հաջորդել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած մրցանակաբաշխությանը, որի ընթացքում նրանք ստացել են «Մարդկային եղբայրության համար» մրցանակ։
«Փաշինյանի և Ալիևի եղբայրությանը կասկածել պետք չէ։ Ինչպես և Փաշինյանի դավաճանությանը, որը թույլ տվեց Լեռնային Ղարաբաղի հանձնումն ու հայրենակիցների վտարումը իրենց պատմական հայրենիքից»,-ընդգծվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունում նշվում է նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնք փորձում են ամրապնդել կապերը Թուրքիայի, ԱՄՆ-ի, արևմտյան պետությունների և Ռուսաստանի հետ, «որևէ ջանք չեն գործադրել՝ իրենց հայրենակիցներին ադրբեջանական բանտերից ազատելու ուղղությամբ»։
«Այս խայտառակությունը հավերժ նրանց հետ կլինի»,-ասվում է հայտարարության մեջ:
Լազարևյան ակումբը հստակ պահանջ է ներկայացրել՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անօրինական ձևով դատապարտված և Բաքվի բանտերում պահվող անձանց՝ լինի դա Արցախի ղեկավար, Հայաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի, որոնք, ըստ ակումբի, դարձել են ադրբեջանական իշխանությունների հաշվեհարդարի թիրախ:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։