Մէկ տարուց աւելի տեւած դատավարական խեղկատակութեան արդիւնքում այսօր Պաքուի ռազմական դատարանը հրապարակեց Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ միւս հայ բանտարկեալների դէմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»:
Դռնփակ, կեղծ «դատավարութեամբ» կանխորոշուած վճիռներով Ազրպէյճանը աւելորդ անգամ հաստատեց, որ հակառակ խաղաղութեան մասին խօսոյթին եւ ձեւական քայլերին, Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների մեղսակցութեամբ, շարունակում է իր հակահայ քաղաքականութիւնն ու վարքագիծը:
Ի սկզբանէ ակնյայտ էր, որ Պաքուի այս «դատավարութեան» նպատակն է թիրախաւորել ու վարկաբեկել Արցախի ու Հայաստանի Հանրապետութիւնները, արցախահայութեան ինքնորոշման պայքարը եւ այդ պայքարի առաջնորդներին:
Յատկանշական է, որ Հայաստանի ու հայերի դէմ կայացուած «դատավճիռների» նախօրէին Նիկոլ Փաշինեանն ու Իլհամ Ալիեւը Ապու Տապիում խաղաղութեան մրցանակ են ստանում: Ահա թէ ինչպիսի՛ն է եւ ինչի՛ մասին «խաղաղութեան գործընթացը»:
Պաքուի ռազմական դատարանի կողմից դատապարտուած գերեվարուած հայերը իրականում փաստացի պատանդներ են Ազրպէյճանի ձեռքում: Առանց այդ պատանդների անյապաղ եւ առանց նախապայմանի ազատ արձակման, Հայաստանի, Արցախի ու Ազրպէյճանի միջեւ խաղաղութեան հաստատման մասին խօսելը ծաղրանք է, անկախ նրանից, թէ ովքե՛ր են այդ խօսոյթի հեղինակները:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը` Ազրպէյճանում պահուող հայ բոլոր գերիների ազատ արձակումը ապահովելու համար: Կոչ ենք անում մեր տարածաշրջանում իսկական խաղաղութեան ջատագով ուժերին, առհասարակ մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան եւ արդարութեան համար աշխատող միջազգային բոլոր կառոյցներին` հետամուտ լինել եւ աջակցել հայ գերիների ազատ արձակման հարցում:
Արցախի, Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ իսկական խաղաղութեան մասին կարելի է խօսել միայն արցախցիների անհատական ու հաւաքական բոլոր իրաւունքները, ներառեալ պատանդների հայրենիք վերադարձը ապահովելու ճանապարհով:
Դա ենթադրում է բոլոր առումներով իսկապէս ուժեղ հայրենի պետութիւն եւ ազգային նպատակների շուրջ համազգային համախմբում: Հայ յեղափոխական դաշնակցութիւնը յանձնառու է եւ շարունակելու է այդ նպատակին միտուած կազմակերպուած ու նպատակասլաց պայքարը:
ՀՅԴ ԲԻՒՐՕ
5 փետրուար 2026