ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը լրամշակել է դեռ նոյեմբերին խորհրդարան ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» անունը կրող հայտարարության նախագիծը։ Այն երկրորդ անգամ է քննարկվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել բացասական եզրակացություն։ Հանձնաժողովի նիստից ժամեր առաջ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը կազմակերպել են բողոքի ակցիա՝ հաջակցություն ազատազրկված այն մարդկանց, որոնց համարում են քաղբանտարկյալներ։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդեն մեկ անգամ քննարկված, Chat GPT-ի «փորձաքննությունն» անցած ու ԱԺ լսումների առիթ դարձած «Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» անունը կրող հայտարարության նախագիծը նորից խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի քննարկման սեղանին էր, այս անգամ՝ լրամշակված։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծն ԱԺ օրակարգ բերվեց նոյեմբերին, նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի խնդրանքով դրա քննարկումը հետաձգվեց։ Նրա ձևակերպմամբ՝ այս ամիսներին դրական տեղաշարժ չի եղել, կալանավայրերում շարունակում են մնալ քաղաքական հայացքների համար ազատազրկվածներ․
«Իրավիճակը չի բարելավել, թեև որոշ գործերով խափանման միջոց կալանքը փոխարինվել է, բայց փոխարինվել է տնային կալանքով, ինչը նույնքան ազատության սահմանափակում է ենթադրում, և հետևաբար, այս մարդիկ շարունակում են մնալ Քաղբանտարկյալների կարգավիճակում»։
Պատգամավորը հղում է անում ԵԽԽՎ 1900 բանաձևին։ Դրա համաձայն՝ անձը համարվում է քաղբանտարկյալ է, եթե ազատազրկվել է քաղաքական համոզմունքների կամ քաղաքական գործունեության համար, եթե ազատազրկումը կիրառվել է անօրինական նպատակով, խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը, պատժի չափը եղել է անհամաչափ ծանր և ակնհայտ քաղաքական բնույթի, ազատազրկումն ունեցել է խտրական մոտիվ։ Բանաձևի նախատեսած 5 չափանիշներից անգամ մեկին համապատասխանելու դեպքում ազատազրկված անձը քաղբանտարկյալ է՝ ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Վարդանյանը մանրամասնում է, որ լրամշակվել է նախագծի վերջին մասը․
«Եզրափակիչ մասում նշվում են Ազգային ժողովի կողմից արձանագրվող և փաստվող հանգամանքները, այստեղ ավելացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու առանձին դրույթ, որտեղ նշվում է, որ պահանջում է Մարդու իրավունքների պաշտպանից հստակ գնահատականներ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների առնչությամբ, ինչպես նաև ակնկալում է կոնկրետ քայլեր քաղաքական հալածյալների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։
Պատգամավորն իրավական նորմերի խախտում է համարում նաև այն, որ կաթողիկոսի որոշմամբ կարգալույծ եղած հոգևորականը կարող է դիմել դատարան և վերջինիս որոշմամբ վերականգնել իր պաշտոնը։ Վարդանյանի պատկերացմամբ՝ սա նմա է նրան, որ վարչապետի հրամանով պաշտոնաթող եղած նախարարը դիմի դատարան և վերականգնի պաշտոնը․
«Օրինակ, չգիտեմ, պարոն Վարդանյան, դուք՝ որպես իրավաբան, ձեզ վիրավորված չե՞ք զգում այս ամբողջ գործընթացից, որովհետև չի կարելի այսքան իրավունքները ոտնահարել, չի կարելի այսքան աղավաղել իրավունքը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին իրավագիտության ոլորտում վիրավորող այլ հանգամանքներ կան․
«Ամենաշատը վիրավորում է առանց փաստերին հղում կատարելու, առանց առանձին գործերը ուսումնասիրելու ընդհանուր դատողություններ ներկայացնելը, որովհետև, գիտե՞ք, պետության համար վիրավորական է, երբ ասում եք՝ մենք ունենք քաղբանտարկյալներ։ Եվ ես հարց եմ տալիս, և դա հռետորական հարց է, չեմ ուզում քննարկում ծավալվի»։
Պատգամավորի հռետորական հարցը հետևյալն է․ եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մշակել է այդ բանաձևը, միաժամանակ՝ Հայաստանը ԵԽԽՎ-ի կողմից մշտադիտարկվող երկիր է, ապա ինչո՞ւ որևէ զեկույցով չի արձանագրել այն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ շեշտում է Վլադիմիր Վարդանյանը։
«Պարբերաբար Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ հրապարակումներ է անում, այնտեղ չի հիշատակում քաղբանտարկյալների որևէ թեմա»։
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի քպ-ական նախագահը մնում է այն կարծիքին, որ ընդդիմադիր խմբակցությունը նման հայտարարության նախագիծ էր բերել օրակարգ՝ պարզապես խորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակով։ Այդ լսումներին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չէր մասնակցել։ Դեռ նախորդ լսումներին Վլադիմիր Վարդանյանն այնքան անհեթեթ էր որակել նախագիծը, որ, ըստ նրա, նույնիսկ արհեստական բանականությունը՝ Chat GPT-ն, չէր գտել դրա իրավաչափությունը․