5 փետրվարի 2026 – 14:50 AMT
PanARMENIAN.Net – Բաքվի ռազմական դատարանում, որտեղ ընթանում էր հայ գերիների դեմ շինծու գործերով դատավարությունը, հրապարակվել են Մադաթ Բաբայանի և Մելիքսեթ Փաշայանի դատավճիռները։ Նրանք դատապարտվել են 19 տարվա ազատազրկման:
Նշվում է, որ թեև, ըստ Բաքվի, Մադաթ Բաբայանի դեմ հաստատված մեղադրանքները նախատեսում են ցմահ ազատազրկում, սակայն, այն չէր կարող կիրառվել նրա դեպքում, քանի որ վերջինս 65 տարեկան է: Ադրբեջանի ՔՕ համաձայն ցմահ բանտարկություն չի սահմանվում 65 և բարձր տարիքի անձանց համար, գրում է Minval.az-ը:
Մելիքսեթ Փաշայանն, ում ներկայացված են նմանատիպ մեղադրանքներ, նույն հիմնավորմամբ դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:
Բաբայանը և Փաշայանը գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայի ժամանակ: