ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության յոթ ներկայացուցիչներից հինգին Բաքվի զինվորական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել, երկուսի դատավճիռները 20 տարվա ազատազրկում են նախատեսում։ Հայ գերիների և Արցախի բարձրաստիճան նախկին պաշտոնյաների դատավարությունները Բաքվում սկսվել էին 2025 թ․ հունվարի 17-ից։ Գործով վերջին դատական նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին։ Այդ նիստից հետո գործը քննող դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Ուշագրավ է, որ դատավճիռների հրապարակումը համընկել է երկու կարևոր իրադարձություններ հետ։ Նախօրեին Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները «Զայեդ» մրցանակին էին արժանացել, Ֆրանսիայի խորհրդարանում դատավճռի հրապարակումից ժամեր առաջ հայ գերիների հարցին առնչվող բանաձև էր ընդունվել։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռ դեռևս չի կայացվել։ Նրա գործը Բաքվում քննվել է «15–ի գործից» առանձին։
Հայաստանի խորհրդարան այցելած Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին չցանկացավ արձագանքել հարցերին և խոսել Բաքվում կայացված դատավճիռների մասին։
Բաքվի զինվորական դատարանն ավարտվեց 15 հայերի՝ ԼՂ ռազմական և քաղաքական 7 գործիչների և 8 գերիների գործով մեկ տարի տևած դատավարությունը, որի անաչառությունը միջազգային մի շարք կառույցներ և իրավապաշտպաններ տարբեր հիմնավորումներով բազմիցս հարցականի տակ էին դրել։ Մեկ տարի շարունակ փակ դռների հետևում՝ միջազգային հանրության աչքից հեռու ընթացած դատավարությունից հետո Բաքվի զինվորական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ ցմահ ազատազրկման դատավճիռը չի կարող կիրառվել 65 տարին լրացած անձանց նկատմամբ։ «15–ի գործով» անցնող մյուս հայերը դատապարտվեցին 15–19 տարվա ազատազրկման։ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը Բաքուն մեղադրում է մի քանի տասնյակ ծանր հոդվածներով, օրինակ՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու համար: Բաքվի դատարանում մեղադրյալի կարգավիճակում հայտնված հայերը չեն ընդունել առաջադրված մեղադրանքները։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն այս դատավճիռներն անսպասելի չի համարել։ Իր սոցցանցում նա գրել է․
«Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմից ուրիշ բան էլ սպասելի չէր Արցախի ժողովրդի ցեղասպանության, հայատյացության քաղաքականության, խոշտանգումների, շինծու դատավարությունների ու բազմաթիվ այլ հանցագործությունների պայմաններում:
Շինծու և փակ «դատավարություններից» հետո այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք: Եվ այդտեղ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է, իսկ գլխավոր հնարավորությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցը»:
Հայաստանի իշխանությունը պնդում է, որ գերիների վերադարձի հարցը քննարկվում է բոլոր հանդիպումներում ու բոլոր հարթակներում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Բաքվի դատարանների վճիռներով ազատազրկված հայ գերիների հայրենադարձման վերջին փաստը չափազանց խոսուն է։
«Եթե գործընթացը լիներ բացառապես իրավական, ապա նրանք կարող էին ՀՀ հանձնվել պատիժը կրելու նպատակով։ Բայց այն, որ այս անձանց ազատ արձակումը իրականացվեց այլ գործընթացով, սա ևս ցուցադրում է, որ նրանց Ադրբեջանում գտնվելը, նրանց ապօրինի դատավարությունների մաս դարձնելը եղել է ավելի շատ քաղաքական գործընթաց և չի տեղավորվել իրավական գործընթացների տրամաբանության մեջ»։
Բաքվի դատարանը վճիռները հրապարակեց այն բանաձևի ընդունումից ժամեր անց, որով Ֆրանսիայի Սենատը Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատարձակում է պահանջում։ Փաստաթուղթը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճնշում գործադրելու Բաքվի վրա ապահովելու հայ ռազմագերիների վերադարձը։ Ֆրանսիացի խորհրդարանականականները նշում են, որ թեև օգոստոսի 8–ի վաշինգտոնյան հռչակագիրը պաշտոնապես ազդարարել է տասնամյակներ տևած հակամարտության ավարտը, բայց չի հասցեագրել հայ բանտարկյալների ճակատագրի հարցը։
Բաքվի դատարանն իր վճիռները հրապարակեց նաև ժամեր անց՝ այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Աբու Դաբիում ստացան «Զայեդ» եղբայրության մրցանակը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նույն հարթակից հայտարարեցին․
Նիկոլ Փաշինյան․ «Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ և արժանանալ այս պատվին»։
Իլհամ Ալիև ․ «Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Ես ակրող եմ ասել, որ դա առանձնահատուկ զգացողություն է, մենք երբեք չենք ապրել խաղաղության մեջ անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Մենք արագ ենք սովորում»։
Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ Հայաստանում դժգոհում է խաղաղության այս պահի դրսևորումներից։ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյան․
«Չի կարող մրցանակ շնորհվել մի բռնապետի, որ տևական ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին՝ խոշտանգելով, իրենց իրավունքները տոտալ խախտելով և պատանդի կարգավիճակով պահելով Բաքվի բանտում»։
Անգամ այս պայմաններում «Զայեդ» մրցանակի շնորհումը քաղաքագետ Էդգար Առաքելյանը խիստ մտածված քայլ է համարում։ Ըստ նրա՝ հեղինակավոր մրցանակը չէր տրվի, եթե կասկածներ լինեին խաղաղության գործընթացի շարունակության առնչությամբ։ Հակառակ դեպքում, Էմիրությունների տեսանկյունից, դա հարված կլիներ հեղինակավոր մրցանակաբաշխությանը․
«Այս մրցանակաբաշպությունը նաև հատկապես Ալիևի առումով պարտավորեցնող է, որ ինքը պետք է պահպանի խաղաղությունը և չտրվի էմոցիաներին և այլ հանգամանքների»։
Քաղաքագետը համոզված է, որ գործընթացն այնքան անշրջելի է, որ անգամ եթե Թրամփն այլևս չղեկավարի Միացյալ Նահանգները, ապա նրա միջնորդությամբ և վկայությամբ ստորագրված պայմանավորվածությունները չեն չեղարկվի։
«Բարեբախտաբար, ի դեմս Միացյալ Նահանգների, մենք գործ ունենք ոչ թե ավտորիտար պետության հետ, որտեղ մեկ նախագահը կարող է մի բան որոշել և հաջորդը գալ, այդ թղթերը պատռել, մի կողմ նետել և ասել, որ նոր քաղաքականություն է վարելու։ Իհարկե, քաղաքականության որոշակի նյուանսների փոփոխություն կլինեն, բայց ինչպես հենց Թրամփի օրինակը ցույց տվեց, երբ դեմոկրատների հետ ՀՀ–ն ստորագրեց ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, Թրամփը եկավ ոչ միայն շարունակեց, այլև զարգացրեց, և այսօր այդ ռազմավարական գործընկերության հարաբերությունները գործնական փուլ են մտնում հենց Թրամփի կառավարման ժամանակ։ Ես համոզված եմ, որ Թրամփի հեռանալով, առավել ևս, մենք արդեն ունենք և՛ իրավապայմանագրային բազա, և՛ առաջիկայում մենք կտեսնենք Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը և հնարավոր ստորագրվելիք փաստաթղթերը»։
Ըստ քաղաքագետի՝ սա նշանակում է, որ գործնականում արդեն կա այն իրավական բազան, որը թույլ է տալիս համոզված լինել, որ անգամ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո ԱՄՆ հաջորդ վարչակազմը կշարունակի արդեն սկսված գործակցությունը։