5 փետրվարի 2026 – 17:14 AMT
PanARMENIAN.Net – Հռոմի պապ Լեոն 14-րդն ուղերձ էր հղել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությանը՝ նշելով, որ դափնեկիրները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և աֆղանստանցի իրավապաշտպան Զարքա Յաֆթալին, հույս են ներշնչում մի աշխարհում, որտեղ հաճախ կամուրջների փոխարեն պատեր են կառուցվում, հայտնում է Report.az-ը:
«Այսօր մենք «Զայեդի մարդասիրական եղբայրության մրցանակի» միջոցով հարգանք ենք հայտնում նրանց, ովքեր այս արժեքները վերածում են մարդկային գթասրտության և բարեգործության անկեղծ օրինակների։ Ընտրելով համերաշխության, այլ ոչ անտարբերության դժվար ուղին՝ նրանք ցույց են տվել, որ նույնիսկ ամենախորը արմատավորված տարաձայնությունները կարող են հաղթահարվել կոնկրետ գործողությունների արդյունքում։ Նրանց գործունեությունը ապացուցում է, որ եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին»,-ասվում էր նրա ուղերձում:
Փետրվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը: Փաշինյանն ընդգծել է, որ մրցանակը վերաբերում է ոչ միայն պետական առաջնորդներին, այլև երկու ժողովուրդներին, որոնք, ըստ նրա, կիսում են խաղաղության հաստատման այս գործընթացը։